168.am-ը գրում է․

Շուշի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ նոյեմբերին, երբ դեռ Շուշին չէին հանձնել, տեղյակ չէր, թե ո՞վ էր Շուշիի համար մղվող մարտերը ղեկավարում, ո՞վ էր հրամաններ տալիս։

«Ես միայն այն գիտեի, որ Շուշին պիտի պաշտպանվի, մտածում էի, որ այդ ելուզակները կգան, կհասնեն Քարին Տակ, ու այնտեղ կկազմակերպվի նրանց ջարդը։ Նրանց ջարդը պետք է այնտեղ կազմակերպվեր, բայց որ չարվեց, արդեն ինձ համար անհայտ մնաց, թե այդ ամենն ով է կազմակերպում, կամ ով ինչ պետք է աներ, որ չի արել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա իր առաջ ու դեռ պետք է պատասխան տա Շուշիի համար։

Ըստ նրա, երբ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Օնիկ Գասպարյանին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ նոյեմբերի 10-ին նրան պաշտոնանկ չարեց։

«Գուցե այն ժամանակ իրեն ձեռնտու էր, որ ԳՇ նախկին պետը մնար, գուցե ձեռնտու չէր, որ այն ժամանակ նման հայտարարություններ աներ։ Քանի գնաց, կարծես թե պահը թեժացավ, ու սկսեցին հայտարարություններ անել։ Հիշենք, որ սրանից առաջ էլ հայտարարում էին, թե «Իսկանդերը» կրակել են, ադրբեջանցիներն ու ռուսներն ասում էին՝ չի խփել, սրանք ասում էին՝ խփել է։ Գուցե իրենց ներքին խոհանոցում ինչ-որ հարցեր են առաջացել, դրա համար էլ նման հայտարարություն է անում։ Եթե խորը ուսումնասիրություններ կատարեն, Շուշին հանձնողներին անպայման կգտնեն, թե ինչպես եղավ այդ ամենը, թե ինչո՞ւ մարտերը կազմակերպված չէին, այս ամենից ելնելով՝ կգտնեն մեղավորներին։ Ժամանակին ամեն ինչ պետք է կանգնեցնեին, որ Հադրութում մարտեր էին սկսվել, այ դրանից հետո պետք է կանգնեցնեին, մեր բանակին պետք է ոգևորեին, այլ ոչ թե նահանջ՝ նահանջի հետևից հրամայեին։ Այդ դեպքում մեր պաշտպանությունը ճիշտ կկազմակերպվեր»,- հավելեց Շուշիի քաղաքապետը։

Նա նաև շեշտեց, որ Շուշիի անկումից հետո շարունակում է մտածել, թե ո՞ւմ մեղքով քաղաքն ընկավ։

«Այն, որ Շուշին պետք է կանգուն մնար՝ պետք է մնար, բայց որ արդեն ընկել է, պետք է պարզել՝ ո՞ւմ մեղքով։ Այդ անառիկ ամրոցը հնարավոր էր պաշտպանել, հնարավոր էր ամեն ինչ այնպես կազմակերպել, որ մեր պաշտպանությունն ամուր լիներ։ Իհարկե, ինձ համար տարօրինակ է, որ մինչև այժմ հայտնի չէ, թե ո՞վ է ղեկավարել Շուշիի մարտերը, ո՞վ է հրամաններ արձակել։ Տարօրինակ է, որ այսօր Շուշիի անկման համար որևէ պատասխանատու չկա, պետք է այդ պատասխանատվությունը մեկն իր վրա վերցնի, բոլորն այդ պատասխանատվությունից փախչում են։ Բայց այն, որ այդ մարտերը ճիշտ չեն ղեկավարվել՝ փաստ է։ Շուշին գրավելն այդքան հեշտ չէր, եթե մարտերը ճիշտ կազմակերպեին, նահանջ չլիներ, թշնամին չէր հասնի Շուշի։ Հուսամ՝ ժամանակը կգա, պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին Աբովյանում իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու իրեն։

«Դուք կարող եք էլի հարց տալ, ասեք՝ արա, բա դրանց խի՞ էիր ըտեղ դրել։ Չէ, ասենք, մեկ պարզ պատճառով, ես հո չէի՞ կարողանալու գնալ օտար երկրից գեներալ բերեի, մեր գեներալների միջից պիտի նշանակվեր։ Ընդ որում, Գլխավոր շտաբի պետ նշանակելուց ես խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ։ 2018 թվականին էլ, 2020 թվականին էլ ասել են՝ էս պահին երկու մարդ կա, որը պատրաստ է լինելու Գլխավոր շտաբի պետ։ Ես այդ երկու մարդկանց եմ նշանակել, ես օդից չեմ վերցրել, ընդ որում, երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ։ Ու այսօր այդ մարդիկ հայտարարություններ են անում։ Ժողովուրդ, այսօր գիտե՞ք ես ձեզ ինչի համար եմ շնորհակալ, ես ուղղակի խոնարհվում եմ ձեր առաջ, չեք պատկերացնի, թե ես ինչ զգացումներ ունեմ ձեր բոլորի նկատմամբ, որովհետև այսքան սուտ, որ ասել են իմ հասցեին, չէ, բա դրա համար եմ ասում… Այն մարդը, որին ես գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է օրուկես ուշացումով հասել»,- հայտարարել էր Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել