168.am-ը գրում է.

Այս պահին Արմավիրի մարզում քարոզարշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձն իր քարոզարշավն իրականացնում է առանց արձակուրդ վերցնելու, աշխատանքային ժամերին:

Սա դեռ բավական չէ, այդ քարոզարշավն իրականացվում է վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմամբ:

Առավոտյան արդեն իսկ տելեգրամյան ալիքները տեղեկացրել էին, որ մարզի Փարաքար համայնքի դպրոցի ուսուցիչներին պարտադրել են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ սպառնալով ընդդիմացողներին ազատել աշխատանքից:

Պարզվում է, սակայն, որ սա միակ դեպքը չէ:

168.am-ի խմբագրությունը հավաստի տեղեկատվություն ստացավ այն մասին, որ մարզի դպրոցների, համայնքային բոլոր հիմնարկների աշխատակիցներն իրենց բնակության վայրերի մոտիկ գյուղերի հավաքատեղիներում պետք է լինեն այն ժամերին, երբ Նիկոլ Փաշինյանը կգտնվի տվյալ համայնքում:

Դպրոցների տնօրեններին վերադասի հրահանգը, մեզ հետ կապ հաստատած դպրոցների աշխատակիցների  խոսքով, փոխանցել է Արմավիրի մարզպետարանի Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

Վերջինս, ի դեպ, այս պահին շրջում է գյուղերով, մասնակցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին կրկին աշխատանքային ժամին ու հընթացս մարդահաշվարկ ու ներկա-բացակա կատարում՝ հավանաբար հետագայում արդեն իսկ հնչեցրած սպառնալիքն իրագործելու համաւր:

Մեզ ասացին, որ ուսուցիչներն ու համայնքային հիմնարկների աշխատակիցները դժկամությամբ են մասնակցում այդ հավաքներին, ու թեպետ բարձրաձայն ըմբոստացողները շատ չեն, խուլ դժգոհություն առկա է:

Եվ ամենակարևորը, բոլորին հրահանգված է երեկոյան 19:00-ին լինել Արմավիրի հրապարակում, ուր կայանալիք հանրահավաքով Նիկոլ Փաշինյանը հավանաբար կամփոփի պաշտոնական քարոզարշավի առաջին օրը:

Այնհայտորեն իշխանությունը մարդաքանակի խնդիր ունի գնալով նոսրացող իր համակիրների թիվն ինչ-որ կերպ շատ ցույց տալու համար, բայց պարզ է արդեն, որ օր առ օր դա անելն ավելի ու ավելի դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել