«Հայաստանում ամենաչգնահատվող արժեքը մարդն է։ Ընդ որում, չի գնահատվում ինչպես մարդկային կյանքը, այնպես էլ՝ անգամ մահը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անարգում է և՛ ապրողներին, և՛ մահացածներին՝ տարրական հարգանք չցուցաբերելով անգամ նրանց մասունքների նկատմամբ։
Նրա իշխանության երեք տարիներին մահը դարձել է ամենօրյա լրահոսի անբաժանելի մաս, վիճակագրություն։
Մահը դարձել է կյանք, կյանքը վերածվել է մահվան։ Ամեն օր մարդիկ մահանում էին ու մահանում են կորոնավիրուսից, պատերազմը հինգ հազար երիտասարդների մահվան պատճառ դարձավ, արդեն մարդիկ սպանվում են նաև Երևանի կենտրոնում։ Մահվան այս և բազմաթիվ այլ դրսևորումներ ունեն իրենց պատճառները, բայց անկախ պատճառահետևանքային կապերի տարբերությունից՝ ընդհանրական է այն, որ մահը դարձել է սովորական, առօրեական երևույթ։
Մարդկային կյանքն իշխանության համար «պլյուս–մինուսով» հաշվելի արժեք է, իրականում՝ անարժեքություն, որի համար այս իշխանությունը պայքարելու որևէ ցանկություն չունի։ Որովհետև «Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք հայտարարելու» մոտեցմամբ գործող իշխանությունն առաջնորդվում է «հո մեկ մարդու կյանքը կարևոր չէ՞» սկզբունքով։
Ճակատագրի հեգնանքով՝ այդպես է վարվում իշխանությունը, որի ղեկավարն իր քաղաքական կարիերան կառուցել է «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով։ Իշխանության գալուց հետո, սակայն, «այդ մեկ մարդը» նրա համար վերածվել է վիճակագրության, ընտրությունների ժամանակ՝ էլեկտորատի։
Հայաստանում ապրելը վտանգավոր է կյանքի համար։ Վտանգավոր է՝ ինչպես սահմանամերձ Իշխանասարում կամ Վերին Շորժայում, այնպես էլ՝ Երևանի Աբովյան փողոցում։ Որովհետև ինչպես Ադրբեջանի հետ սահմանին, այնպես էլ մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ մահանում են անիշխանության պատճառով։
Հայաստանը կորցրել է և՛ արտաքին, և՛ ներքին դիմադրողականությունը և հիմա գտնվում է իներցիայով արնահոսող վիրավորի կարգավիճակում։
Հայաստանի վիրավորումը մահացու է ոչ միայն վերքի խորության, այլ նաև այն պատճառով, որ բժշկական օգնության փոխարեն՝ հիվանդի մեդիտացիայով են զբաղվում բոլոր նրանք, ում պատճառով պետությունը մահացու խոցում է ստացել։ Բայց ի տարբերություն Երևանի կենտրոնում կատարված մարդասպանության հեղինակների, որոնք գոնե տեսականորեն կարող են պատժվել նորմալ քննության դեպքում, Հայաստանի սրտին ուղղված կրակոցների հեղինակները ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլև մասնակցում են ընտրություններին՝ հասարակությունից քվե ակնկալելով պետության մահազդը հայտարարելու համար։ Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանի, հայ հասարակության դիմադրողականության գուցե վերջին թեստն են, և եթե մնացել են իմունիտետի գոնե վերջին նշույլները, ընտրությունների արդյունքներով Հայաստանին գոնե վերականգնվելու հնարավորություն կտրվի։
Հակառակ դեպքում հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում բարձր տոնախմբությամբ կհնչի Հայաստանի մահախոսականը, որն ընթերցողները կհրապարակեն այն երկրի կամ երկրների անունները, որոնց համար իրենք այսօր ասում են՝ Ապագա կա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։