Lragir.am-ը գրում է.
Եթե Մաշտոցի պուրակը վերարժևորեց հանրային ոլորտն ու հանրային սեփականությունը, ապա ո՞րն է լինելու այս տրանսպորտային սոցիալական շարժման արդյունքը: Ըստ էության, գործ ունենք մի քանի համառ և սկզբունքային երիտասարդների հետ, որոնք իրենց նստացույցով ստիպում են հարյուրներին մտածել նոր հարցերի շուրջ: Արդյոք այդ հարցերը միայն մի քանի անձանց պաշտոնանկության հարցեր են:
Ըստ էության` ոչ: Ավելի շուտ դրանք վերաբերում են սոցիալական արդարությանը, իրավական պատասխանատվությանն ու պաշտոնյաների սուտ խոսելու` այն է բարոյականության խնդիրներին: Տեղի ունեցող ակցիաները, մարդաշատ լինեն, թե ոչ, ծառայում են որպես պլատֆորմ այս նոր դիսկուրսը հայկական հանրության մեջ ծավալելու համար: Ըստ էության, երիտասարդությունը փոխում է եղած դիսկուրսը: Բերում է այն դեպի քաղաքացիական դաշտ, մշակութային դաշտ ու հանրային դաշտ, ու պատահական չէ, որ վարչախումբն ամեն կերպ ձգտում է տանել դեպի իրեն ավելի հարազատ ոչ հանրային, մութ գործարքների ու կրիմինալի ու շանտաժի դաշտ: Ակնհայտորեն սակայն կորցնում է գետինն իր ոտքերի տակ, քանի որ գողական մշակույթի աջակիցներն այլևս այնքան շատ չեն, ինչպես առաջ, և գնալով պակասում են:
Եվ ի վերջո, ո՞րն է լինելու այս ալեկոծվող շարժման բովանդակային արդյունքը: Հանրային տարածքի արժևորումից հետո այս նյութական բարեկեցության հետ կապված տրանսպորտային անհնազանդությունն առաջին անգամ Հայաստանում ձևակերպեց սոցիալական խնդիր` քաղաքացիների ընդհանուր շահերին վերաբերվող նյութական խնդիր: Իսկ դա նշանակում է, որ հանրության մեջ տեղի է ունենում սոցիալական ոլորտի մեծացում: Մարդիկ կարևորում են իրենց սոցիալական կապերն ու շահերը` ի հակառակ միայն ընտանիքից կախվածության և հանուն ընտանիքի գործելու ավանդական մտածողությանը:
Ի՞նչ է սոցիալական խնդիր ձևակերպող ու դրա համար հասունացած հանրությունը, եթե ոչ քաղաքական հասունության նախադրյալ: Սոցիալական հարց բարձրացնելու ընդունակ մարդը Հայաստանում ամեն րոպե պատրաստ է լինելու նաև քաղաքական օրակարգ ստեղծել: Այսինքն, դառնալ քաղաքականության պատվիրատու: Այն, ինչից ամենաշատն են խույս տալիս գործող ավանդական պաշտոնյաները: Նրանց ամենավատ երազներում նույնիսկ քաղաքացին չի կարող լինել քաղաքականության պատվիրատու, այլ ընդամենը կախյալ ենթակա է, երբեմն նույնիսկ խանգարող:
Ուրեմն սպասենք լավ նորությունների: Հայաստանում ծնվում է քաղաքական մարդը: Որքան էլ հնացած ուղեղների համար այլմոլորակայինի տպավորություն են թողնում ստեղծագործ ու իրավագիտակից պայքարողները, սակայն սոցիալականի արժևորմամբ նրանք շուտով հասնելու են քաղաքականի արժևորմանը:
Ազատության սերունդը գտնվում է հայկական ինքնության վերաձևակերպման ճանապարհին: Դրա ամենամեծ արդյունքը կարող է լինել այն, որ հայկական ինքնությունն արդեն հենված կլինի ոչ թե բարոյախրատական, այլև քաղաքական արժեքների վրա:



