1in.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմին գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հավաքվել են ԱԳՆ դիմաց՝ հայցելու նախարարության աջակցությունը իրենց հարազատին վերադարձնելու համար: Քիչ առաջ Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը և հայրը՝ Գուրգեն Ինջիղուլյանը, հանդիպեցին փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ, որը վստահեցրել է, որ վաղը կհանդիպեն Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ և կքննարկեն Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու հարցը: 

Ինչպես հայտնեց Արման Ինջիղուլյանը, փոխնախարարն ասել է նաև, որ իրենք անում են հնարավոր ամեն բան՝ մեր գերուն վերադարձնելու համար, սակայն գործը դժվարացնում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը:

Նշենք նաև, որ Ինջիղուլյանները այսօր եղել են նաև Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի առաջ, որտեղից ստացել են նույն պատասխանը, ինչ երեկ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը առաջնագծում մոլորվել է և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել