Մեր տրամադրության տակ է «ՖՈՐՉՆ ՌԻԶՈՐՍԻՍ» ընկերության կողմից 17.07.2013 թ.-ով թվագրված «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին հասցեագրված մի գրություն: Սույն գրության առկայությունը փաստում է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի կանխամտածված լռությունն ու երբեմն-երբեմն, առանց աղբյուրի նշման, մամուլով տարածած ստահոդ լուրերը, թե «Հրազդանի «չարաբաստիկ» երկաթահանքի շահագործումից հրաժարվում ենք», սոսկ խորամանկ և խարդախ մարտավարություն էր` միտված հասարակության զգոնության թուլացմանը:
Նամակին կցված հենց առաջին նախադասությունը շեշտում է ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/169 (նախկին 14/453) լիցենզիաների փաստը` միտումնավոր մոռանալով նշել դրանց տրման տարեթվերն ու գործունեության ժամկետները:
Ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել նամակը ստորագրած լիազորված անձ պարոն Սիաոխե Լինին, որ, ի հեճուկս իրենց գործադրած խորամանկ ու խարդախ մարտավարության, սույն լիցենզիաների իրավական հիմքերը խախուտ են, ինչի վկայությունն է մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների, Ազգային ժողովի պատգամավորների, Հանրային Խորհրդի ներկայացուցիչների, խնդրին առնչվող պետական գերատեսչությունների անդամների, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի պատասխանատուների` ՀՀ բնապահպանության նախարարի մոտ 14.12.2011թ.-ին կայացրած խորհրդակցությունը, որի ժամանակ բազմաթիվ իրավական ակտերի ու փաստերի համադրմամբ «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի տնօրեն պարոն Ջ. Գորմանը ընդունեց սույն լիցենզիաների «մեռելածին» լինելու փաստը, և ի լուր ամենքի, պարտավորվեց պատվիրել հանքի շահագործման նոր նախագիծ` հավակնելով անցնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր ընթացակարգերը:
Այս ամենից հետևում է, որ իրավական հիմքով մահվան վկայական ստացած սույն լիցենզիաների վերակենդանացման փորձեր են կատարվում: Ի հեճուկս Հրազդան քաղաքի կենտրոնում գտնվող երկաթահանքի շահագործման նախաձեռնողների խորամանկ ու խարդախ փորձերի` խրոխտ հայտարարում ենք` ազգաբնակչության և, մասնավորապես, «Առողջ Հրազդան» քազաքացիական նախաձեռնության խմբի զգոնությունը մշտարթուն է` օրինականության սահմաններում թույլ չտալու այս աղետաբեր հանքի շահագործումը: