Բրիտանացի գիտնականները 32 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտանեկան սպանությունների դեպքեր են ուսումնասիրել, երբ ընտանիքի անդամներից մեկը սպանում է ընտանիքի մյուս անդամներին: Հետազոտվել է այսպիսի 71 դեպք, որից 59-ի դեպքում մարդասպանները արական սեռի ներկայացուցիչներ են եղել, որոնց մեծամասնությունը հիմնականում եղել է 30 տարեկանի սահմաններում: Իսկ սպանությունների 20%-ը տեղի է ունեցել օգոստոս ամսին և դրա գրեթե կեսը հանգստյան օրերին` հիմնականում կիրակի օրը:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ: Հետազոտողների մեծ մասը նշում է, թե պատճառը արականության և ուժի ընկալման վիճարկումն է հանդիսանում, երբ կասկածի տակ են առնվում նրանց կարողությունները: Իսկ այն փաստը, թե ինչու է սպանությունների մեծ մասը տեղի ունեցել հենց օգոստոսին, հետազոտողները բացատրում են նրանով, որ օտարված ծնողները (հաճախակի հայրերը) ավելի հեշտ են կարողանում «հասնել» երեխաներին ամառային արձակուրդներին` հատկապես հանգստյան օրերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ հանցագոործության երկու երրորդ դեպքում սպանության գլխավոր շարժառիթը զույգերի բաժանություններն են, որոնք կարող են ներառել այնպիսի խնդիրներ, ինչպիսին օրինակ երեխաների խնամակալության իրավունքն է: Մինչ շատերը կարող են ենթադրել, թե այս սպանությունները միայն մտավոր խնդիրների արդյունք կարող են լինել, հետազոտողները նշում են, թե իրականում մարդասպանների մեծ մասը հաջողակ մարդիկ են եղել, ովքեր ունեցել են աշխատանք և լավ կարիերա: Սակայն նրանցից ոմանք էլ իրականում աշխատանք չեն ունեցել, և հաճախ հանդիպող շարժառիթների երկրորդ տեղում են հենց ֆինանսական, սոցիալական խնդիրները:
Հետազոտության արդյունքում գիտնականները ընտանեկան մարդասպաններին դասակարգել են 4 խմբի:
- Ինքնաբավություն: Մարդասպանը մեղքը բարդում է կնոջ վրա` մեղադրելով վերջինիս ընտանիքի քայքայման, բաժանության համար: Այսպիսի մարդասպանները հաճախ հանցագործությունից առաջ զանգահարում են իրենց զույգին` տեղեկացնելու, թե ինչ են իրենք պատրաստվում անել: Այս մարդիկ իրենց արարքը որակում են որպես իդեալական ընտանիքի պահպանման միջոց:
- Հիասթափություն: Մարդասպանը կարծում է, որ ընտանիքն իրեն հիասթափեցրել է կամ անդամներից մեկն իր պահվածքով ոչնչացրել է իդեալական ընտանիքի նրա պատկերացումները: Օրինակ` երբ երեխաները հրաժարվում են ընտանիքի համար ավանդական դարձած կրոնական կամ մշակութային ավանդույթներին հետևել:
- Ֆինանսական խնդիրներ: Այսպիսի դեպքում մարդասպանն ընտաանիքը չի տարանջատում ֆինանսական ու սոցիալական խնդիրներից կամ ձեռքբերումներից: Հայրը ընտանիքը տեսնում է որպես իր տնտեսական կամ սոցիալական հաջողություններին հասնելու միջոց, որում դրսևորվում են իր հաջողությունները, սակայն եթե նա ֆինանսական ձախողումների առաջ է կանգնում, ընտանիքն այլևս դադարում է ծառայել իր նպատակին:
- Հոգեբանական խնդիրներ: Մարդասպանները վախենում են ընտանիքին սպառնացող արտաքին միջամտությունից: Հաճախ նրանք վախենոում են իրավական մարմիններից, որոնք կարող են լիազորություն ունենալ նրանց զրկելու երեխաների հանդեպ ծնողական իրավունքից: Այս պարագայում շարժառիթը հանդիսանում է ընտանիքին պաշտպանելու ցանկությունը:
Իհարկե, պետք չէ այս ամենը շատ լուրջ ընդունել, քանի որ բարեբախտաբար, իրականում ընտանեկան սպանությունների դեպքերի քանակն այնքան էլ մեծ չէ, որպեսզի կարելի լինի ինչ-որ եզրակացություններ անել:



