Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին, ով երեկ՝ օգոստոսի 14-ին մասնակցեց Ալբանիայի հետ ընկերական՝ արտագնա հանդիպման առաջին խաղակեսին, արդեն Մոսկվայում է և «Դինամոյի» կազմում սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Կրասնոդարի» հետ խաղին: 

 
Բերեզովսկին կարողացավ մի քանի րոպե ժամանակ գտնել` armsport.am-ի հետ զրուցելու համար: 
 
- Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում, Դուք թեթեւ վնասվածք ստացաք, բայց հետագայում՝ ամեն ինչ կարգին էր: Հույս ունենք, որ երեկվա փոխարինումն այդ վնասվածքի հետ կապ չուներ: 
 
- Ոչ, ուղղակի նախապես  որոշված էր, որ ես մասնակցելու եմ առաջին խաղակեսին, իսկ Կասպարովը` երկրորդին: Առողջական որևէ խնդիր չկա: 
 
- Խոսենք խաղի մասին: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով, ցուցադրեց անատամ խաղ… Դանիայի նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակից հետո, հայ ֆուտբոլասերները լրիվ այլ բան էին սպասում… 

- Խաղն անհաջող դասավորվեց մեզ համար և գրանցված արդյունքն  ունի մի քանի հիմնական պատճառ: Մենք չիրացրեցինք մեր պահերը, հետո բաց թողեցինք գոլ անդրադարձից… Գոլ խփելուց հետո, ալբանացիները փակվեցին և մեր գործը դժվարացավ: Մեր լավագույն խաղացողի` Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր: Ալբանացիները հաճախ էին հաղթում մենապայքարներում, ինչը նրանց առավելություն էր տալիս: 
 
- Այսօր նայում էինք վիճակագրությանը և տեսանք, որ վերջին 5 տարիներին, Հայաստանն օգոստոսին անցկացրած ընկերական խաղերում՝ միայն պարտություններ է կրել: Ի՞նչ տրամաբանություն եք տեսնում այս ամենում: 
 
- Միգուցե, այս ամսին մեր թիմը լավ վիճակում չի լինում: Դժվար է միանշանակ ասել, թե որն է այդ ամենի տրամաբանությունը: Այնպես չէ, որ տղաները լավ արդյունքի հասնելու ցանկություն չունեին, չէին խաղում… 
 
- Մոտ 20 օր է մնացել Չեխիայի հետ ընտրական խաղին: Ի՞նչ է պետք անել՝ վճռորոշ խաղում այլ կերպ հանդես գալու համար: 
 
- Հույս ունենք, որ մինչ այդ խաղը՝ մեր եզրերում վիճակն ավելի լավ կլինի: Երեկ նկատվեց, որ դեռ լավ մարզավիճակում չէ Լևոն Հայրապետյանը: Նա երկար ժամանակ ապաքինվում էր հավաքականում ստացած ծանր վնասվածքից: Եզրերում, երեկ լուրջ խնդիրներ ունեցանք: Մարզչական շտաբը մանրակրկիտ կվերլուծի Ալբանիայի հետ խաղը, շտկումներ կլինեն: Կարծում եմ` ավելի լավ մարզավիճակում կմոտենանք Չեխիայի հետ խաղին և կպայքարենք դրական արդյունքի համար: 
 
- Կիրակի օրը «Դինամոն» հյուրընկալվելու է «Կրասնոդարին»: Փաստորեն, 3 օրից կրկին հանդիպելու եք Մարկոսին: 
 
- Այո, երեկ բաժանվեցինք, իսկ 3 օրից՝ կհանդիպենք: «Կրասնոդարում» մարզչական փոփոխություն է եղել, իսկ նման փոփոխություններից հետո՝ թիմերն ավելի հավաքված և կենտրոնացած են լինում: Մեզ բարդ հանդիպում է սպասում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել