Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն ու հարևաններն այսօր կրկին Ոսկեվազ գյուղից եկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակ: Նրանք այս պահին հավաքված են գրասենյակի մոտ և ԿԽՄԿ-ից պահանջում են հստակ պատասխան տալ իրենց, թե ինչու իրենց աշխատակիցները չեն հանդիպել հայ զինծառայողի հետ:

 Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը Lragir.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ հանդիպել ու զրուցել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ Դրագան Ռանկովիչի հետ, ով ասել է, որ դեռևս որևէ նորություն չկա:

 «Ասաց` սպասում ենք, մենք էլ ասացինք` այստեղ ենք սպասում, չենք գնում: Ինչքան պետք է, կմնանք այստեղ, երբ պատասխան կստանանք, այն ժամանակ էլ կգնանք»,- ասաց Արման Ինջիղուլյանը:

 Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն ադրբեջանական կողմն էր անցել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով: ԿԽՄԿ Բաքվի գարսենյակի ներկայացուցիչները դեռևս չեն հանդիպել հայ զինծառայողի հետ` հայտարարելով, որ թույլտվություն չեն ստացել Ադրբեջանի ղեկավարության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել