Ժողովրդավարական պետությունում լրագրողները կազմում են քաղաքացիական հանրության մաս, իսկ քրեաօլիգարխիկ պետությունում ծառայում են վարչախմբին՝ հանրության դեմ կատարվող հանցագործությունները քողարկելու գործում։ Ուստի զարմանալի չէ, որ հայաստանյան լրատվամիջոցներն ի վիճակի չեն բացատրություններ պահանջել ոստիկանությունից՝ օգոստոսի 13-ին Միհրան Մելքոնյանի ձերբակալության հարցով։
Ինչպե՞ս ստացվեց, որ ս․թ․ հուլիսի 2-ից հետախուզման մեջ գտնվող քաղաքացին հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում ակտիվ մասնակցություն է ունեցել Երեւանի կենտրոնում հրապարակային բողոքի միջոցառումներին, այդ թվում՝ քաղաքապետարանի մոտ իրականացվող շուրջօրյա նստացույցին, անձամբ շփվել է ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ, բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք եւ բաց թողնվել, երկու անգամ ոստիկանության հորդորով անձամբ ներկայացրել է հայտարարություն՝ իր դեմ կատարված ոտնձգությունների մասին։
Այս հարցը կարող է ունենալ միայն երկու պատասխան․ մեր երկրում ոստիկանությունը այնքան անտարբեր է դարձել իր օրինական պարտականությունների նկատմամբ, որ ի վիճակի չէ իրականացնել օպերատիվ-հետախուզական գործողություններ, կամ էլ ի սկզբանե շինծու էր Միհրան Մելքոնյանին ներկայացված այն մեղադրանքը, ըստ որի նա օրենքով սահմանված կարգով պատշաճ նախազգուշացված է եղել, սակայն չարամտորեն խախտել է պայմանական-վաղաժամկետ ազատման պայմանները։
Քանի որ ոչ մի ոստիկան առայսօր պատասխանատվության չի ենթարկվել բացահայտ ծառայողական անփութություն դրսեւորելու համար, ապա մնում է մտածել, որ Միհրան Մելքոնյանի ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ, ինչն իր հերթին նշանակում է անձի նկատմամբ կրկնակի պատժի կիրառում` քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու համար։
Դիմում եմ հասարակական գործիչներին, ովքեր հանրության առջեւ ստանձնել են Հայաստանում իրավունքի պաշտպանություն իրականացնելու պարտականություն, պարզություն մտցնել հետեւյալ հարցում` Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյա՞լ է։ Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ վարչախումբը կրկին որոշել է կասեցնել ընդդիմադիր շարժումները` դրանց մասնակիցների ազատազրկման միջոցով։
Հանրային շահը պաշտպանող քաղաքացիական շարժման մասնակիցների նկատմամբ վարչախմբի վրեժխնդրության կասեցումը բխում է յուրաքանչյուր ազնիվ հայ մարդու կենսական շահերից։ Հանրությունը պարտավոր է պաշտպանել բոլոր նրանց, ովքեր համարձակություն ունեն դուրս գալ քրեական օլիգարխիայի դեմ՝ հանուն մեր երկրում ժողովրդավարական եւ իրավական պետության հաստատման։
Անդրիաս Ղուկասյան
Երեւան, 15 օգոստոսի, 2013թ․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andrias.ghukasyan/posts/620239904673574
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել