1in.am-ը գրում է.
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է համարում այն, թե իբր օգոստոսի 6-ին ճակատային գծի՝ Բերդ-Ղազախ ուղղությամբ Ադրբեջանի գնդակից վիրավորվել է գումարտակի հրամանատար Արմեն Ավելյանը, իսկ գնդի հրամանատար Հարութ Մինասյանն էլ, իբր, նրա հետ է եղել, սակայն տեսնելով վտանգը՝ նրան մենակ է թողել և փախուստի դիմել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հայտարարությամբ Ադրբեջանը նախ խոստովանում է իրենց կողմից ագրեսիայի դրսևորումը, ապա նշեց, որ տվյալ հատվածում նման ստորաբաժանումների հրամանատարներ գոյություն չունեն, այդ անունները չկան: «Վերջին 15-20 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի ոչ մի մայոր ոչ մի կերպ չի վիրավորվել, երկրորդ՝ ծիծաղելի աստիճանի անտրամաբանական նյութ է: Ի՞նչ է նշանակում՝ ծանր վիրավորվել է մատներից. մատներից ծանր չեն վիրավորվում:
Ասեմ ավելին. հայոց պատմության մեջ, հատկապես վերջին 20 տարում, ոչ մեկը չի կարող հիշել նման դեպք, որ որևէ հրամանատար որևէ զինծառայողի մենակ թողնի ու փախչի. դա հայի արյան մեջ չկա, ընդունված չէ»։