Նոութբուքները շատ ուսանողների համար փոխարինում են թուղթ ու գրիչին, սակայն ըստ մի կանադական հետազոտության տվյալների` դասախոսությունների ընթացքում համակարգչի գործածման հետևանքով ուսանողները կարող են ցածր գնահատականներ ստանալ: Ավելի վաղ «Համակարգիչներն ու կրթությունը» ամսագրում հրատարակված հետազոտության սուբյեկտները մասնակցել են երկու գիտափորձի: Նրանց խնդրել են հաճախել համալսարանի դասախոսությունների, այնուհետև իրենց սովորածի վերաբերյալ լրացնել հարցաթերթիկ: Հարցաթերթիկում տրված էին հարցեր, և առաջարկվում էին պատասխանի մի քանի տարբերակներ (multiple-choice quiz): Մասնակիցները պետք է ընտրեին ճիշտ տարբերակը:
Առաջին գիտափորձի նպատակն էր որոշել, թե ինչպես էր միաժամանակ մի քանի հանձնարարության կատարումն անդրադառնում սովորելու վրա: Այս գիտափորձի բոլոր մասնակիցները նոութբուք էին կիրառում` օդերևութաբանության մասին դասախոսության ժամանակ գրառումներ կատարելու համար: Նրանց կեսին խնդրեցին նաև իրենց համակարգիչներով դասախոսության հետ կապ չունեցող առաջադրանքներ կատարել: Այս առաջադրանքներից էին տեղեկատվության առցանց որոնումները: Նպատակն էր պարզել, թե դասից շեղվող աշակերտներն ինչ կարող էին անել դասի ընթացքում: «Նոութբուքի կիրառման հետևանքով գնահատականը B+-ից կարող էր իջնել B-»,- ասում է գիտնական Ֆաիրա Սանան:
Երկրորդ գիտափորձի ժամանակ գրառումներ կատարելու համար որոշ ուսանողների տվել են թուղթ ու գրիչ, իսկ մյուսներին էլ` նոութբուքներ: Գիտնականներն ուզում էին համոզվել, թե արդյոք այն ուսանողները, ովքեր հին տարբերակով էին գրառումներ կատարում, կշեղվեին դասից մյուս մասնակիցների նոութբուքների պատճառով:

Մքմասթեր համալսարանի գիտնական Ֆաիրա Սանան, ով Թինա Վեսթոնի հետ միասին հետազոտության համահեղինակն է, ասաց, որ ինքն ակնկալում էր, որ այն ուսանողներն, ում միանգամից մի քանի առաջադրանք էր տրվել, և ովքեր նստած էին նոութբուք ունեցողների կողքին, ավելի ցածր գնահատական կստանան: Սանան ասում է. «Մենք փորձել էինք արտացոլել այն պատկերը, որ տիրում է դասախոսությունների ժամանակ: Պարզվեց, որ այն ուսանողները, ովքեր միանգամից մի քանի առաջադրանք էին կատարում, ցածր գնահատական ստացան վերջնական թեստից: Նրանք, ովքեր նստած էին այդ ուսանողների կողքին նույնպես ցածր գնահատականներ ստացան: Այսպիսով, եթե անգամ դու ինքդ միանգամից մի քանի առաջադրանք չես կատարում, սակայն տեսնում ես ուսանողների, ովքեր մի քանի առաջադրանք են կատարում, ակադեմիական առաջադիմությունը կրկին նվազում է»:
Առաջին գիտափորձի այն ուսանողները, ում միանգամից մի քանի հանձնարարություն էին տվել, միջին հաշվով 11 տոկոսով ավելի ցածր բալեր հավաքեցին թեստից: Երկրորդ գիտափորձի այն մասնակիցները, ովքեր շրջապատված էին նոութբուքներով, միջին հաշվով 17 տոկոսով ավելի ցածր բալեր հավաքեցին:
«Մենք իրոք չէինք կարծում, որ ազդեցությունն այսքան հսկայական կարող էր լինել, - ասում է Սանան:- Գնահատականը կարող է իջնել B+-ից մինչև B-»:
Սանան հավելեց, որ հետազոտությանը մասնակցած ուսանողներն ասել են, որ իրենք չէին կարծում, թե դասարանում համակարգիչ գործածելու պատճառով իրենց գնահատականները կարող էին այդքան իջնել:
Հետազոտության ավարտին բոլոր մասնակիցների շրջանում հարցումներ են իրականացվել: Այն ուսանողներն, ովքեր նստած են եղել նոութբուք ունեցողների կողքին, ասել են, որ իրենք թեստի ընթացքում չեն գիտակցել, որ նոութբուքները շեղում են իրենց ուշադրությունը, սակայն կռահել են այդ մասին ստացած ցածր գնահատականներն իմանալուց հետո:
Հիմա դասարանում բազում նոութբուքների առկայությունը սովորական երևույթ է: Ուսանողները հաճախ դասի ընթացքում ժամանակ են անցկացնում սոցցանցերում, խաղեր են խաղում կամ ֆիլմեր նայում: Սանան ու Վեսթոնը չեն պահանջում արգելել նոութբուքների գործածաությունը դասի ընթացքում: Նրանք պարզապես հուսով են, որ ուսանողները կհասկանան, որ երբ նրանք համակարգչով զբաղվում են դասի հետ կապ չունեցող բաներով, դա կարող է բացասաբար ազդել ոչ միայն իրենց, այլև իրենց դասընկերների առաջադիմության վրա: Սանան ասում է, որ իրենք հուսով են, որ հետազոտության արդյունքներն իմանալով` ուսանողներն ավելի պատասխանատու կդառնան:



