Pastinfo.am-ը գրում է.
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը աճելու միտումներ են դրսևորում։ Ընդ որում, Հայաստան են սկսել ներմուծվել տարբեր կարգի թմրամիջոցներ՝ ձեռք բերման տարբեր եղանակներով, այդ թվում ինտերնետի միջոցով։ Հերթական գործը՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու վերաբերյալ գտնվում է Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում։ Հատկանշականն այն է, որ այս գործով մեղադրյալը թմրամիջոց է ձեռք բերել «Իբեյ» կայքի միջոցով։ Այսպես, գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ Ֆորտունատե Իկեմսինաչի Նուգվիին և Օդիսեյ Հարությունյանին: Նախաքննությամբ պարզվել է, որՖորտունատե Իկեմսինաչի Նուգվիին իրացման և իր գործածման նպատակով 2012 թվականի դեկտեմբերի վերջերին, Երևանի Հյուսիսային Պողոտայում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանում ազգությամբ պարսիկ ոմն Համիդից, ապօրինի ձեռք է բերել և պահել մոտ 4 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Այնուհետև՝ 2013թ. հունվարի սկզբներին այդ նույն սրճարանում թմրամիջոցի հիշյալ քանակությունից տարբեր օրերին, չպարզված չափաբաժիններով, անհատույց՝ հյուրասիրության եղանակով, 2 դեպքով ապօրինի իրացրել է Արշակ Ղազարյանին, իսկ մեկ դեպքով՝ Օդիսեյ Յուրիի Հարությունյանին։ Բացի այդ, Օդիսեյ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համացանցից տեղեկանալով թմրամոլների շրջանում «սփայս» անվանումով հայտնի թմրեցնող ազդեցություն ունեցող, «SALVIA AROMATIC POTPOURRI» և «NET WEIGHTBLUEBERRY 400 mg., 1,5 g» անվանմամբ գործարանային փայլուն թիթեղաթղթե փաթեթավորմամբ, ծխելու միջոցով գործածվող նյութի գոյության եւ ապրանքների առևտրամիջնորդային գործունեություն իրականացնող ինտերնետային «Իբեյ» կայքի միջոցով գնելուց հետո միջազգային առաքման տարբերակով այն ապօրինի ձեռք բերելու հնարավորության մասին, իրացնելու նպատակով այդպիսիք ձեռք բերելու դիտավորությամբ, 2013թ. հունվար ամսվա ընթացքում պատվիրել և «Յունիստրիմ» համակարգով վճարային փոխանցում կատարելուց հետո փոստային առաքման միջոցով ապօրինի ձեռք է բերել 0,387785 գրամ խիստ ներգործող նյութի՝ «լևոմեպրոմազինի» պարունակությամբ թվով 20 փաթեթ։ Գործի դատաքննությունը դեռ ավարտված չէ: Դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 28-ին: