1in.am-ը գրում է.
Արտագաղթի ահագնացող տեմպերին զուգահեռ` գնալով ավելի են դժվարանում մեր համերկրացիների՝ արտերկրում, հատկապես եվրոպական երկրներում ռեալիզացվելու, կացարան և աշխատանք գտնելու հնարավորությունները: Եվրոպական տարբեր երկրներում վերջին տարիներին տարբեր սկզբունքներ են մշակվել` ապաստան հայցողների կարգավիճակների հետ կապված: Շատ երկրներում, քանի դեռ ապաստան հայցողի կարգավիճակում են, նրանց տրամադրվում է կացարան, և ապահովվում են նվազագույն կարիքները, սակայն տարբեր երկրներում տարբեր են կենսապայմանները, կան երկրներ, որտեղ կացարան չի տրամադրվում:
Նարե Հակոբյանը, ով արդեն յոթ տարի բնակվում է Շվեդիայում,«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ նախկինում վերջին տարիներին մի շարք երկրների հետ ապօրինի միգրանտների հետ վերադարձի պայմանագրեր են կնքվել, ինչի հետևանքով անմիջապես մերժում են ստանում մարդիկ, երբ հենց միայն արտաբերում են, որ Հայաստանից են: Հարցին, թե արդյո՞ք նախկինի պես նվազագույնը տասը տարի պետք է ապրել տվյալ երկրում՝ քաղաքացիություն, մշտական կեցության իրավունք ունենալու համար, Նարե Հակոբյանը պատասխանեց, որ նման ժամկետ գոյություն չունի, պարզապես պետք է կոնկրետ խնդիր լինի՝ քաղաքական, կրոնական, սեռական փոքրամասնությունների և այլ բնույթի, որը պետք է ներկայացնել ու ապացուցել: «Տարբեր երկրներ նաև տարբեր մոտեցումներ ունեն, կոնկրետ Շվեդիան հայտարարում է, որ ինքն անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր միգրանտի, սակայն դա այնքան էլ այդպես չէ»,- ասաց նա: Վերջին տարիներին՝ եվրոպական երկրներում միգրանտների հաստատվելու պայմանների խստացումը պայմանավորված է պարզ պատճառով՝ Հայաստանը համարվում է ժողովրդավարական երկիր և ամենուր հայտարարում է, որ իր քաղաքացիներն իր երկրում ոչ մի խնդիր չունեն:
Նախկին ՀԺԿ-ական Գրիշա Վիրաբյանը, ով այժմ քաղաքական ապաստան է ստացել Բելգիայում և այնտեղ է բնակվում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ եթե ժամանակին 8-10 տարվա ընթացքում Բելգիայում հնարավոր էր ստանալ համապատասխան փաստաթղթեր, հիմա այդ բոլոր ճանապարհները փակվել են, և անգամ նախկինում թուղթ տվածներին հետ են վերցնում: Նրա խոսքերով՝ սա հիմնականում ՀՀ իշխանությունների պահանջով է կատարվում, քանի որ ասում են՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բժշկական օգնությունը ձրի է, ոչ մի խնդիր ՀՀ քաղաքացին իր երկրում չունի, մինչդեռ իրականում այլ է: Նա նշեց, որ բարդացել է նաև այն առումով, որ նախին համաներման ինստիտուտը չկա, մինչդեռ Հայաստանում շատ-շատերը տները ծախել են և առանց գումարի եկել են Բելգիա, իսկ տեղի իշխանությունները հիմա օգնություն և նպաստ չեն տալիս:
«Հիմա բարդ իրավիճակ է, հոսքն էլ է դադարել։ Մյուս տարիներին, եթե ամեն առավոտ կամիսարիատի մոտ հինգ-վեց ընտանիք կտեսնեիր, որ եկել-հանձնվում է, հիմա չկա, հիմնականում նախկին հանձնվածներն են, որոնք կրկնակի են հանձնվում ժամանակ շահելու համար»,- ասաց նա:
Գրիշա Վիրաբյանը պատմեց, որ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը Բելգիայում հայտարարել է, որ ձրի սպասարկում է, բայց դա սուտ է. «Ինքս մի քանի անգամ նամակով դիմել եմ այստեղի ծառայությանը, որ խաբում են ձեզ, այնտեղ մարդկանցից հսկայական գումարներ են խլում, որ մարդկանց օգնություն ցույց տան առողջապահության բնագավառում»: Նրա խոսքերով՝ հայերին հետ ուղարկելու քաղաքական որոշում է կայացվել, և ցանկացած առիթով հետ են ուղարկում:
Նա նշեց, որ ինքն անժամկետ փախստականի կարգավիճակ ունի, սակայն քաղաքացիություն դեռ չունի: Հայաստանում, ըստ նրա, որևէ քաղաքական ուժ չի մնացել, և ոչ մի ուժ չկա իշխանություն փոխելու:
«Հայաստանից շատերը գալիս են՝ չիմանալով ռեալ իրավիճակը։ Եթե ռեալ իրավիճակը պատկերացնեն, Հայաստանում իրենց տները չեն վաճառի: Հայաստանում դա բիզնեսի է վերածվել, իրենք ահռելի գումաներով վիզաներ են խփում, և գիտե՞ք այդ մարդիկ ում մարդիկ են, ամենավերին ատյաններում կանգնած պաշտոնյաների բարեկամներն ու ընկերներն են, ովքեր բիզնես են դրել՝ 3000 եվրոյով վիզա են խփում»,- ասաց Գրիշա Վիրաբյանը՝ հավելելով, որ մյուս կողմից սփյուռքի նախարարությունը ճիշտ քարոզչություն չի իրականացնում, որ արտասահմանում շատ դժվար է: «Մարդիկ մտածում են, որ արտասահման է, կգան՝ միլիոններ կաշխատեն, գալիս են ու տեսնում, որ հնարավոր չէ, և եթե տվյալ պետությունը չի օժանդակում, չի օգնում, պատկերացրեք վարձ տա՝ ապրեն և այլ դժվարություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Շվեդիայում խնդիրներ են ունենում կամ մեկնում են Ֆրանսիա, կամ գալիս են Հայաստան, որը միջանցիկ դեր է կատարում Ռուսաստան գնալու համար:
«Հայերը Բելգիայում երազում են Հայաստան գնալ, բայց նախ գիտեն Հայաստանում ինչ է կատարվում, իսկ նրանք, ովքեր գալիս են՝ հինգ օրից ավելի Հայաստանում չեն դիմանում, բայց շատերը, ովքեր թուղթ ունեն, գալիս-գնում են, ուղղակի նրանք էլ հինգ օրից ավելի Հայաստանում չեն դիմանում, որովհետև այստեղ վերաբերմունքը, բարոյական արժեքներն այլ են:
Իսկ Բելգիայում հայերի մնալը դժվարացել է, քանի որ այնտեղ ասում են ձեզ մոտ արդեն ժողովրդավարական կարգեր են, բուժսպասարկումը ձրի է, իշխանությունն ասում է՝ ամեն ինչ նորմալ է, չեն հալածում, դատական համակարգը գործում է, դրա համար էլ մեր քաղաքացիներին մի պահեք: Նրանք գալիս են, հայտարարում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, շարունակությունը պետք է լինի հայերին Հայաստան ուղարկելը:
Ֆրանսիայում նույնպես միգրանտների վիճակը բարդացել է՝ պայմանավորված միգրանտների թվի զգալի աճով, ինչը աշխատատեղերի խնդիր է առաջացնում, դրա համար Ֆրանսիան արդեն չի կարողանում նոր միգրանտ ընդունել, քանի որ նախ ֆրանսիացիների կարիքները պետք է հոգա, բացի այդ՝ Ֆրանսիայում արդեն ասում են, որ Հայաստանը վտանգավոր երկիր չէ, որ քաղաքական ճնշումներ չկան Հայաստանում»,- ասաց Գ. Վիրաբյանը: