«Հրապարակ»-ը գրում է, թե սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած, որոշ պատգամավորների վրդովմունքը շարժած` 2013թ. մայիսի 20-ին ԱԺ ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, մասնավորապես օրենքի 3-րդ կետի 1-ին դրույթը, որտեղ «սեռ» եզրույթը համարվել է ձեռքբերովի վարք, պարզվում է՝ ԱԺ-ում ընդունվել է մեծ խանդավառությամբ:

Օրենքի նախագծին «կողմ» է քվեարկել 108 պատգամավոր, միակ «դեմը», այն էլ շփոթմամբ, եղել է ՀՀԿ-ական Արմեն Մխիթարյանինը՝  հայտնի Աֆղանցի Մխիկինը, 8 ձեռնպահներն էլ եղել են ՀՅԴ-ականներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ականներ Հակոբ Հակոբյանն ու Վարդան Այվազյանը: Ընդ որում՝ նիստին ներկա են եղել ու կողմ քվեարկել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության մյուս բոլոր պատգամավորները, ինչպես նաեւ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը:

Ինչպես երեւում է, բարձրացված աղմուկն ու հատկապես ընդդիմադիր պատգամավորների քվեարկությունը խիստ անհամատեղելի են: Ի՞նչ է կատարվել իրականում՝ պատգամավորներն իներցիայի ուժով ընդամենը կոճա՞կ են սեղմել, թե՞ պարզապես ուշադիր չեն եղել արտառոց ձեւակերպմանը եւ, օրենքի վերնագրին խաբվելով, կողմ են քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին: Օրենքն ԱԺ-ում է եղել դեռեւս 2011-ից եւ 3 ընթերցում է անցել, սակայն ոչ ոք այդ եզրույթին չի ընդդիմացել:

Բարձրացած աղմուկից հետո, չգիտես ինչու, սխալը շտկելու նախաձեռնությամբ հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Զոհրաբյանը, իսկ ԲՀԿ մամուլն առիթը բաց չթողեց` կրկին հայտարարելու «բարգավաճող» պատգամավորների օգտակարության, օրենքի հակազգային, հակապետական եւ հակաբարոյական լինելու մասին: Եվ սա այն դեպքում, երբ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ու կառավարության համատեղ օրենքի նախագծում  կոնկրետ այդ եզրույթի հարցում ներդրում է ունեցել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել