Սրանից ճիշտ 20 տարի առաջ՝ 2001թ. մայիսի 23-ին Հայաստանում տպագրվող թերթերից մեկում լույս տեսավ «Մենք ու մեր շահերը» վերնագրով մի հոդված, որն անդրադառնում էր Սյունիքով թյուրքական միջանցքի խնդրին։
Այդ հոդվածում հեղինակը պնդում էր, որ «…Զավեշտն այն է, որ [Մեղրիով] Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»: Փաստացի, հեղինակը պնդում էր, որ Թուրքիայի 100-ամյա ցանկությունը՝ Սյունիքով միջանցք ունենալու Հայաստանի շահերին չի վնասում։
Այնուհետև հեղինակը շարունակում է. «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է... Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:» Ըստ հեղինակի՝ ոչ մի ռազմաքաղաքական խնդիր չկա, որ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք ունենան Սյունիքով՝ դրանից բխող իրական վտանգներով։ Ըստ էության՝ որոշակի գումար աշխատելու կարճատև մի հնարավորությունը գերադասվում է Սյունիքի սողացող թյուրքացմանը, որին ընդդիմացել են Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։
Որպես արևելագետ արձանագրեմ, որ 20 տարի առաջ գրված այս հոդվածը մեր տարածաշրջանի իրական աշխարհաքաղաքականությունը չիմացող և կարճատես ու մակերեսային դատողություններ ունեցող մարդու կողմից է գրված, որը չի հասկանում, թե որքան կարևոր է Սյունիքով միջանցքը Թուրքիայի համար (և ոչ ԱՄՆ), որքան վտանգավոր Հայաստանի համար և թե իրականում ինչպես են դրան վերաբերում տարածաշրջանի այլ պետություններ՝ Իրանից մինչև Վրաստան։
20 տարի առաջ գրված այս հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ուստի որևէ զարմանալու բան չկա, որ այսօր ՀՀ օկուպացիոն ռեժիմն այդ կապիտուլյանտի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի թուրքացում՝ միջանցք տրամադրեով Թուրքիային և Ադրբեջանին ու մեր պետությանը դատապարտելով վերջնական մահվան։
Եւ չնայած հայազգի թուրքամետների կողմից փորձ է արվում ստել մեզ՝ պնդելով, որ թուրքերին տրամադրվելիք ճանապարհը միջանցք չէ, սակայն այդպիսի հնարքը էժան մանիպուլիացիա է, քանի որ եթե Հայաստանի սուվերեն տարածքով անցնելու է ճանապարհ, որը ունենալու է հատուկ կարգավիճակ (ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության), ապա դա ոչ այլ ինչ է, քան միջանցք (միջանցքի անունը չեն դնում «միջանցք», այն կարելի է կոչել ցանկացած բառով, բայց դրանից չի փոխվում էությունը)։
Այ հենց էսպիսի հոդվածներով են դավաճանները թուլացրել հայկական պետության գաղափարը և նպաստել թուրք-ադրբեջանական տեղեկատվական պայքարի տարածմանը մեզանում ավելի քան 20 տարի։
Եվ եթե այսօր առկա պայմաններով միջանցքը տրամադրվի թուրքերին, ապա Հայաստանի պետության վերականգնումը կդառնա բազմապատիկ անգամ ավելի բարդ։
#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2