1in.am-ը գրում է.

Միչիգանի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել առնետների վրա, որպեսզի պարզեն, թե ինչու են կլինիկական մահվան դեպքում մարդիկ վառ պատկերներ տեսնում:

Նման դեպքերում հիվանդների մեծամասնությունն ասում է, որ շարժվում է թունելով, որի վերջում լույս է վառվում, նրանք հանդիպում են հանգուցյալ հարազատներին կամ տեսնում «այն աշխարհի» վառ պատկերներ:

Հիշելով այս իրադարձությունները՝ մարդիկ ասում են նաև, որ հանգստություն են զգում:

Գիտնականները կրծողների ուղեղում 6 էլեկտրոդներ են տեղադրել, մահացու ներարկումներ են կատարել, ապա չափել են դրանց ուղեղի ակտիվությունն էնցեֆալոգրաֆիայի միջոցով:

Քննելով նեյրոններում տեղի ունեցող տատանվող էլեկտրական գործընթացի գրաֆիկական պատկերը՝ գիտնականները նկատել են ուղեղի գործունեության առկայծում:

«Մենք ցնցված էինք. սրտի կանգից հետո առաջին 30 վայրկյանների ընթացքում ուղեղի տեսողության հատվածում, որտեղ տեսողական կերպարներ են մշակվում, զգալիորեն ուղեղի ակտիվացում նկատվեց: Դա բացատրում է, թե ինչու է հիվանդը տեսնում նման վառ պատկերներ, որոնք մեծ հույզեր են առաջացնում»,- ասել է նյարդաբան Ջիմո Բորջիգինը: 

Npr կայքը, սակայն, նշում է, որ այլ գիտնականներ այս փորձարկումն այնքան էլ համոզիչ չեն համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել