Pastinfo.am-ը գրում է․

Հակառակորդն այս օրերին ոչ թե նահանջել է, այլ շարունակում է առաջանալ ու դիրքեր դնել։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել է Գեղարքունիքի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Երեկ ոչ մի քայլ էլ հետ չեն գնացել, մի բան էլ առաջ են եկել»,- ասել է նա նշելով ադրբեջանական կողմը, որ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ առաջացել է ևս մի քանի հարյուր մետրով։

«Այսօրվա դրությամբ որոշ չափի նորից առաջ են եկել՝ 200-300 մետր, բայց դե երևույթը էն է, որ իրենք կարողանում են՝ առաջ են գալիս։ Հիմա դա շատ վատ է ու լարվածությունն էլ ավելի է ուժեղանում դրանով։ Չգիտեմ՝ ինչ հետևանքների կհանգեցնի»,- ասել է համայնքի ղեկավարը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ թշնամին «նագլի» ձևով մտել է ՀՀ տարածք, կիլոմետրերով խախտել սահմանը։ Վեցերորդ օրն է արդեն, ինչ թշնամու զորքը ներխուժել է ՀՀ տարածք եւ բանակցությունների արդյունքում լքելու փոխարեն շարունակում է առաջանալ։

Նկատենք, որ երեկ ՀՀ ՊՆ ոչ պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել տեղեկատվություն, թե բանակցությունները բարեհաջող են ավարտվել եւ ադրբեջանական զորքը պետք է հետ գնա, բայց Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց. «Եվ երեկ, և այսօր նորից առաջխաղացում են ունեցել։ Վրաններ ունեն, դիրքեր։ Եկել են տեղակայվել են ամուր ձևի։ Իսկ երկու օրվա առաջխաղացումը մեծ չափի չի, ընդամենը 200 մետրի մասին է խոսքը։ Իրենց քանակը շատ անգամ գերազանցում է մերոնցից»։

Կութից թշնամին մոտավորապես 4-5 կմ հեռավորության վրա է։ Ավետյանը տեղեկացրեց, որ տարածքում հայկական զորքը ևս կանգնած է, զորքի մեջ խուճապ չկա, պատրաստ են ամեն ձևով կռիվ տալ, պատրաստ են նաև գյուղի բնակիչները։

«Եթե կարիք եղավ, բնակիչներն անպայման մասնակցելու են պաշտպանությանը, բայց այս պահին ուզում ենք հույս ունենալ, որ բանակցությունների միջոցով կարող է հարցը լուծվի, որովհետև մենք մի քանի ամիս առաջ պատերազմ տեսանք, չեմ ուզի, որ նույնը կրկնվի»։

Ավետյանը նշեց նաև, որ թշնամու չդադարող առաջխաղացումների մասին տեղեկացրել են համապատասխան բոլոր մարմիններին։

«Մենք ունենք մեծ մտահոգություն, որ եթե մինչև հիմա այդ հարցին չկարողացանք համապատասխան պատասխան տալ, լավ չէ, խուճապ կարող է առաջացնել, նշանակում է, որ մենք այս պահին թույլ ենք գտնվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել