1in.am-ը գրում է.
Այսօր երկար ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստը: Ինչպես և նախապես հայտնի էր, բազմազան օրակարգային հարցերի շարքում էր Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը:
Ինչպես ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում քննարկվել է թիվ 38 ընտրատարածքում կուսակցության պատգամավորության թեկնածուի հարցն ու ընդունելով Սյունիքի մարզային կառույցի առաջարկը՝ որոշվել է կուսակցության կողմից առաջադրել Արամ Կարապետյանի թեկնածությունն, ով տասը տարուց ավելի ՀՀԿ անդամ է, կուսակցության Սյունիքի կառույցի խորհրդի անդամ, Կապանի նախկին քաղաքապետ:
Հարցին, թե խոսակցություններ կան, որ թեև Սյունիքի մարզպետը Վահե Հակոբյանն է, մարզում ազդեցությունը Սուրեն Խաչատրյանինն է, նա պատասխանեց, որ ազդեցությունը ոչ իրավական, ոչ էլ քաղաքական կատեգորիա չէ: Ըստ նրա՝ մարզպետը Վահե Հակոբյանն է, և այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ «կարող է պատվով իրականացնել իր վրա դրված պարտականությունները»:
Շարմազանովը հստակեցրեց, որ ԳՄ նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի հետ կապված քննարկում չի եղել: Նա նշեց, որ առիթ է ունեցել ասելու, որ այս այցից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր այցն օգտագործել ներքաղաքական, նախընտրական նպատակներով, իսկ ԼՂ հակամարտության հետ կապված Պուտինի հայտարարությունը, որ խնդիրը բացառապես քաղաքական լուծում պետք է ունենա, խոսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին:
Ի դեպ, ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց նաև, որ կուսակցության ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է կուսակցության միջազգային կրթական կապերի խորացման անհրաժեշտությունը, ԵԺԿ սեպտեմբերին կայանալիք նիստին ՀՀԿ-ի մասնակցության հարցն ու այն, որ մեր պատվիրակությունն այնտեղ ներկա կլինի, ինչպես նաև՝ աշնանը «Եդինայա ռոսիա»-ի համագումարին: Նրա խոսքերով՝ սա ցույց է տալիս, որ կուսակցությունը զարգացնում է կուսակցական կապերը՝ ի շահ մեր հանրապետության:
ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում տրանսպորտի ուղեվարձի և բուհերի վարձավճարների թանկացման հարցը, ինչպես նաև մարզպետների հետ կապված հարցեր չեն քննարկվել: