Ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որից մեծամասամբ օգտվում են զբոսաշրջիկները: Երկաթե վարագույրի ժամանակներում հնարավոր և մատչելի էին առավելապես ռուսական ծովափնյա հանգստավայրերը, որտեղից հանգստացողները վերադառնում էին ռուս աղջիկների մասին վառ հիշողություններով և արկածային պատմություններով: Այդ կրքոտ հիշողությունները նրանց նորից տանում էին հետ` դեպի ռուսական ծովափնյա փոքրիկ քաղաքները: Անկախության վերականգնումից հետո Հայաստանի քաղաքացիների համար ինչ-որ առումներով մատչելի են արտասահմանյան որոշ հանգստավայրեր, որտեղ հանգստանալն ավելի հետաքրքիր և էժան է, քան նույնիսկ Սևանի կամ Ջերմուկի հանգստյան տներում:
Հայրենիքում հանգստանալն ունի իր դրական ու բացասական կողմերը: Հայաստանում արձակուրդն անցկացնողները գեղագիտական ճաշակ չեն փոխում և լցվում են հայրենասիրությամբ, սակայն ոչ այնքան բարձրակարգ սպասարկման և ծառայությունների համար թանկ են վճարում և նյարդեր քայքայում, ինչի պատճառով արձակուրդից հետո ընկնում են սթրեսի և դեպրեսիայի մեջ: Բոլորովին այլ բան է արձակուրդն արտասահմանում անցկացնելը: Աշխարհը տեսնելու ցանկության հիմքում ընկած նվաճողական կիրքը բավարարելու մղումով մարդն այսօր ոչ թե զենքով-զորքով, այլ հարազատ մարդու հետ տուրիստական ճամպրուկներով է մեկնում ու այնտեղից բերում է ոչ թե ռազմավար, այլ հուշանվերներ, որոնք հիշեցնում են հետաքրքիր ճամփորդության և օտար երկրներում անցկացրած լավ օրերի մասին:
Հուշանվերներից բացի` արտասահմանում հանգստացողները բերում են զարմանալի պատմություններ և տպավորություններ այլ բարքերի, սովորույթների, գեղատեսիլ վայրերի, ծառայությունների բարձր որակի, սպասարկման մակարդակի, քաղաքավարության նորմերի, կառավարման ավանդույթների և տնտեսական նորամուծությունների մասին: Վերադառնալիս դրսում տեսած և սովորած լավ բաները փորձում են տեղայնացնել հայրենիքում, սակայն շատ արագ հասկանում են, որ հնարավոր չէ օտարների` դարավոր փորձությունների արդյունքում ձեռք բերված քաղաքակրթական և բիզնես նվաճումները կարճ ժամանակում ներդնել Հայաստանում: Եվ այդ պատճառով ընկնում են անկումային տրամադրությունների մեջ, էլ չեմ խոսում ամբողջ տարին աշխատած ու խնայած գումարները մի քանի օրում մսխելու մասին: Արդյունքում ստացվում է այնպես, որ ամառային հանգիստը ոչ թե բարձրացնում է աշխատունակությունը, կազդուրում և առողջացնում է մարդուն, այլ հակառակը` նրան գցում հոգեբանական ծանր վիճակի մեջ: