1in.am-ը գրում է.
Այսօրվանից Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը դադարեցրել է ամբողջ ուկրաինական արտահանումը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
«Ուկրաինայի գործատուների ֆեդերացիան դիմել է վարչապետ Նիկոլայ Ազարովին՝ խնդրելով հնարավորինս շուտ օգնել միջկառավարական մակարդակով խնդիրների լուծմանը, որոնք սկսել են առաջանալ ուկրաինական արտադրանք արտահանող ձեռնարկությունների համար ռուսական մաքսային ծառայությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նովիյ Ռեգիոնը»:
Ֆեդերացիայում նշել են, որ «Ռոշենի» դեմ պատժամիջոցներով գործը չի սահմանափակվել: Ուկրաինացի արտահանողների համար Ռուսաստանի մաքսատանը սկսել են խնդիրներ առաջանալ դեռ հուլիսի 20-ից հետո:
Ֆեդերացիայում նշում են, որ արտահանումը դադարեցվել է անորոշ ժամկետով: Ֆեդերացիայի կանխատեսումներով՝ Ուկրաինայի կորուստները՝ կախված իրադարձությունների զարգացումից, միայն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կկազմեն 2-2.5 միլիարդ դոլար և ՀՆԱ 1.5 տոկոսով կրճատման պատճառ կդառնան:
Նշենք, որ ֆեդերացիայի խորհրդի ղեկավարը օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշն է: