Քաղաքական ուժերի գերպասիվության պայմաններում բավականին ակտիվ գործունեություն են ծավալուն տարաբնույթ քաղաքացիական խմբերը: Քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին, որպես կանոն, այս շարժումները բավականին արդյունավետ դերակատարություն են ստանձնում: Արդյունավետության տեսանկյունից շատ կարևոր է, թե կոնկրետ խմբերը այս կամ այն խնդիրը լուծելու կամ որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցություն ունենալու համար ինչ մարտավարությամբ են հանդես գալիս, քանզի սխալ թիրախավորման ու ոչ կազմակերպված գործելու դեպքում դժվար է լուրջ արդյունք ակնկալել:
Վերջին շրջանում ծավալվող «պայքարի օջախներից» մեկն էլ բուհերի վարձավճարների բարձրացման դեմ ուղղված պայքարն է: Որպես նախկին ուսանող, ով բավականին մեծ խնդիրներ է ունեցել ուսման վարձը վճարելու հարցում, ամբողջովին հասկանում ու կիսում եմ ակտիվիստների մտահոգությունը:
Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններում վարձավճարների բարձրացումը մտահոգիչ է: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանում համընդհանուր թանկացման ֆոնին սպասելի էր, որ կբարձրացվեին նաև բուհերի վարձավճարները, սակայն այս պայմաններում պետությունը պետք է համապատասխան մեխանիզմներ ներդնի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կրթությունը հասանելի դարձնելու համար:

Ուսանողների ու առհասարակ հասարակության շրջանում բուհերի ֆինանսական գործունեության վերաբերյալ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ է առավելագույնս թափանցիկ և հաշվետվողական դարձնել բուհերի բյուջեների տնօրինման հետ կապված հարցերը, որպեսզի ուսանողն ինքնը տեսնի ու գնահատի, թե ինչպես է ծախսվում իր կողմից վճարվող վարձավճարը:
Այս պահի դրությամբ պետք է ֆիքսել, որ բուհերի ինքնուրույնությունը այնպիսի մակարդակում է, որ շատ դեպքերում անհնարին է դառնում կրթական քաղաքականություն իրականացնող մարմնի, այս դեպքում` կրթության նախարարության միջամտությունը շատ հարցերում, այդ թվում` վարձավճարների սահմանման հարցում: Ու ցանկացած բուհ վարձավճարների վերանայման հարցում առաջնորդվում է սեփական բուհական խորհրդի որոշումներով:
Այս տեսանկյունից շատ կարևոր է համապատասխան օրենքի մշակումն ու ընդունումը, ինչը հնարավորություն կտա պետությանը առավել վերահսկելի դարձնել բուհերի գործունեությունը, սահմանափակումներ մտցնել մի շարք հարցերում, այդ թվում` վարձավճարների սահմանման հարցում:

Այս իրավիճակում շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների ներգրավումն այս խնդիրների լուծման հարցում խիստ կարևոր է:
Մի քանի օր առաջ, երբ կրթության նախարարը առաջարկեց հանդիպել 10 ակտիվիստների հետ` քննարկելու ստեղծված իրավիճակն ու ակտիվիստների առաջարկները, ակտիվիստները նշեցին, թե 10 հոգին չեն կարող ներկայացնել բոլորի մոտեցումը, որից մեկ օր անց նախարարը ստիպված եղավ բոլորին հրավիրել` կլոր սեղանի շուրջ համապատասխան քննարկում անցկացնելու համար: Այն, որ տարբեր հաշվարկներով ակցիային մասնակցող 25-30 ակտիվիստները չունեն միասնական մոտեցում, դիրքորոշում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ լուրջ խնդիր կա, քանզի տրամաբանական կլիներ, որ ակտիվիստները միավորված լինեին մեկ ընդհանուր օրակարգի շուրջ` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առաջարկների միասնական փաթեթ:

Երբ խնդիրը փորձում ես դիտել ռացիոնալության դաշտում, հետևյալ պատկերն է ստացվում: Երբ ակտիվիստները պահանջում են, որպեսզի նախարարն իջնի ներքև ու իրենց հարցերին պատասխանի նախարարության մուտքի առջև` տեսախցիկների առջև, դժվար է այս պայմաններում ակնկալել, թե «ոտքի վրա» լուրջ քննարկում կլինի:
Նվազագույն օրակարգային հարցերում փոխըմբռնման կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ կա քննարկում, փոխադարձ տեսակետների ներկայացում, ինչը «բակային հանդիպումների» ընթացքում դժվար է ակնկալել:
Այս տեսանկյունից, նախարարի առաջարկը` խնդիրը քննարկել կլոր սեղանի շուրջ` նույն տեսախցիկների առկայության պայմաններում, խնդրիների լուծման հավանականությունը էականորեն մեծացնում է:

Մեկ բան ակնհայտ է. խնդրի տեղափոխումը փողոց նշանակում է ռացիոնալ դաշտից հեռացում, ինչի պայմաններում, ցավոք, մեկ այլ հարց է առաջ գալիս: Ո՞րն է այս ակցիաների նպատակը. ակցիաներ հանուն ակցիաների՞, թե՞ խնդիրների ու լուծումների ներկայացում ու քննարկում, որը ազդեցություն կունենա որոշումների կայացման վրա: Այս հարցը այս պահի դրությամբ թերևս մնում է անպատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել