Tert.am-ը գրում է.
Հայաստանի պետական ագրարային համալսարանը միակը չէ, որ ուսման վարձավճարները չի բարձրացրել, բայց միակն է, որ այդ քայլին չի գնացել, քանի որ հաշվի է առել իր ուսանողների կարգավիճակը. նրանցից գրեթե բոլորն էլ գյուղից են և սոցիալապես անվճարունակ։
«Ինչպե՞ս բարձրացնենք, երբ գիտենք, որ մեր ուսանողները գյուղի երեխաներ են։ Գյուղերից են մեզ մոտ գալիս, որպեսզի նրանք կարողանան սովորեն, այդ պատճառով մենք այդ 5 բուհերի մեջ չենք մտնում, որոնք թանկացնում են վարձավճարները, մենք հայտարարել ենք այդ մասին, որ մեր համալսարանում աշխատելու ենք՝ ելնելով ժողովրդի սոցիալական վիճակից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը։
Միաժամանակ նա նշեց, որ չբարձրացնելը չի նշանակում, որ դրա կարիքը բուհը չունի։ «Չեն բարձրացրել, բայց դա չի նշանակում, որ մեր վիճակը լավ է, ընդհակառակը, ուղղակի առայժմ չենք բարձրացնի, հետագայում կերևա»,- ասաց նա։
Յուրի Մարմարյանը նշեց, որ Ագրարային համալսարանում սովորելու վարձավճարները հանրապետությունում ամենացածրն են՝ 250 000-ից մինչև 400 000 դրամ։
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը նույնպես տեղեկացրեց, որ իրենք վարձավճարները թանկացնող բուհերի շարքում չեն։
«Մենք չենք բարձրացրել վարձավճարները, ավելին, երևի 2-3 տարի է՝ վարձերը նույնն են մնացել, կամ եթե բարձրացել է, ապա 3 տարի առաջ՝ ընդամենը 5000 դրամով»,- ասաց բուհի պրոռեկտորը։
Ըստ նրա՝ իրենք դեռ կարողանում են դասախոսների աշխատավարձերը բարձրացնել։ «Վերջին երկու տարում աշխատավարձերը համարյա 100 տոկոսով բարձրացրել ենք»,- ասաց նա։
Հարցին՝ թե ինչպես է, որ այս բուհը կարողանում է առանց վարձավճարները թանկացնելու նման չափով աշխատավարձ բարձրացնել, Մհեր Մելիք-Բախշյանը պատասխանեց. «Մենք նպատակահարմար չենք գտել և, բացի այդ, կարծում ենք՝ դրա անհրաժեշտությունը չկա»։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ