Ի՞նչ հարցեր են սովորաբար տալիս հարցազրույցների ժամանակ: Ահա թոփ-10 հարց և դրանց համապատասխան պատասխան, որոնք ձեզ պետք կգան:
Պատմեք մի փոքր ձեր մասին:
Այս հարցին պետք է նախապես պատրաստվել: Այն պետք է լինի կապակցված և տեղեկատվություն պարունակի ձեր աշխատանքային փորձի, գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մասին: Պատմեք, թե որտեղ եք սովորել և աշխատել՝ շեշտը դնելով կրթության, հաջողությունների, մասնագիտական փորձի վրա: Աշխատեք խոսել հստակ, վստահ և առանց կմկմալու:
Ինչու՞ եք ընտրել հենց մեր ընկերությունը:
Աշխատեք արժեքավոր փաստարկներ բերել. մասնագիտական աճի հնարավորություն, ինքնարտահայտման հնարավորություն, օգտակար և անհրաժեշտ փորձ: Ցույց տվեք, որ ձեզ առաջին հերթին հետաքրքրում է ոչ փող վաստակելու հնարավորությունը: Պետք չէ պատմել, որ առանց աշխատանքի եք մնացել և ֆինանսական դժվարություններ ունեք: Ցույց տվեք, որ որոշ չափով տեղյակ եք ընկերությունից, դրա արտադրանքից կամ աշխատանքի բնույթից, ինչպես նաև հաջողություններից:
Ինչու՞ եք վստահ, որ հարմար եք տվյալ պաշտոնի համար:
Այս հարցի պատասխանը նույնպես ցանկալի է նախապես մտածել: Չէ՞ որ ձեզնից ակնկալում են, որ դուք ցույց տաք, որ շատ բան գիտեք ընկերության և այն բաժնի մասին, որտեղ պատրաստվում եք աշխատել:
Ինչու՞ եք դուրս եկել/որոշել դուրս գալ նախկին/ներկայիս աշխատանքից:
Ոչ մի դեպքում մի պատմեք, որ նախկին աշխատավայրում կոնֆլիկտ եք ունեցել, անգամ եթե նման բան եղել է: Մի մեղադրեք ձեր նախկին գործատուին կամ աշխատակիցներին: Նման պատասխանը կստիպի ձեր ապագա գործատուին մտածել, որ նույն կերպ կարտահայտվեք իր մասին, երբ դուրս գաք այս աշխատանքից: Ճիշտ կլինի նշել որևէ ռեալ, սակայն աշխատակիցների և աշխատավարձի հետ կապ չունեցող որևէ պատճառ: Օրինակ` ասեք, որ նախկին աշխատավայրում մասնագիտական աճի հնարավորություն չկար, աշխատանքի վայրն էր անհարմար, հարմար չէր աշխատանքային գրաֆիկը և այլն:
Ի՞նչ աշխատանք եք ամենից շատ հավանում:
Գործատուն պետք է տեսնի, որ դուք ցանկանում եք ստանալ հենց այդ պաշտոնը, այսինքն` նա պետք է տեսնի ձեր մոտիվացիան և անձնական որակները, որոնք ցույց կտան, որ դուք կարող եք հեշտորեն լեզու գտնել անձնակազմի և տնօրինության հետ: Դուք պետք է ցույց տաք, որ սիրում եք ձեր մասնագիտությունը և այն գործը, որով պատրաստվում եք զբաղվել:
Անվանեք ձեր ուժեղ կողմերը:
Պատմեք այն որակների մասին, որոնք ըստ ձեզ օգտակար կլինեն տվյալ պաշտոնի համար: Բերեք օրինակներ նախկինից: Մի ամաչեք գովել ձեզ, 3-4 դրական կողմերը շատ լավ կհնչեն:
Անվանեք ձեր թույլ կողմերը:
Այս հարցին պատասխանելիս եղեք չափազանց ուշադիր և զգույշ: Պետք չի ժխտել, որ որևէ թերություն կամ թուլություն ունեք: 1-2 թույլ կողմը լրիվ բավարար է: Աշխատեք այնպիսի կողմեր նշել, որոնք հանդիսանում են ձեր ուժեղ կողմերի հակառակ պատկերը, օրինակ ասեք, որ չափազանց անհամբեր եք, քանի որ ցանկանում եք որքան հնարավոր է շուտ տեսնել կատարված աշխատանքի արդյունքը:
Ինչպե՞ս եք ձեզ տեսնում 5-10 տարի անց:
Լավագույն տարբերակը կլինի ասել, որ տեսնում եք ձեզ նույն ընկերությունում, սակայն ավելի պատասխանատու պաշտոնում:
Ի՞նչ աշխատավարձ եք ակնկալում ստանալ:
Եթե կարող եք, խուսափեք անմիջական պատասխանից: Եթե ամեն դեպքում ձեզ խնդրեն պատասխանել հարցին, ապա հարցրեք, թե որքան է նախատեսում ընկերությունը: Եթե ստիպեն կոնկրետ թիվ ասել, նշեք միջինից մի-փոքր բարձր թիվ: Եթե փոքր թիվ ասեք, ձեզ վատ մասնագետ կամ ցածր ինքնագնահատակով մարդ կհամարեն, իսկ եթե շատ բարձր՝ կհամարեն, որ չափազանց փառասեր եք և գոռոզ:
Այլ հարցեր ունե՞ք:
Երբեք մի ասեք, որ հարցեր չունեք: Կարող եք հարցնել նոր պաշտոնի առանձնահատկությունների մասին, այն մասին, թե ինչ է ակնկալում ընկերությունը տվյալ պաշտոնից, ինչու են հանել, կամ ինչու է դուրս եկել նախկին աշխատակիցը և այլն:
Մաղթում ենք ձեզ հաջողություն, և հիշեք, որ տաշած քարը գետնին չի մնա:



