Ամեն ասպարեզում օտար մեղավոր ենք փնտրում` արդարացնելու սեփական բացերը, բայց ո՞ւր էր նույն օտար թուրքը, երբ բացվել էր առաջին նախագահի անհատակ ախորժակը, և այնքան նա տարվեց իր լափելու հատկությամբ, որ անգամ երկար ժամանակ մոռացավ երկրի իսկական տերերին` ի դեմս Վիկտոր Համբարձումյանի և Նառ Հովհանիսյանի, որոնք ավա՜ղ հոգին ավանդեցին մոռացության, ցրտի ու սովի ճիրաններում:
Ո՞ւր էր թուրքը այն ժամանակ, երբ առաջին նախագահը հայ ժողովրդից կերտեց չարչի, այս դեպքում կարծում եմ, պարզապես չարչի նախագահին չարչի ժողովուրդ էր պետք...

***
20-րդ դարը հոգին ավանդեց` հայ ժողովրդին մատուցելով անմոռաց 88-ը, որում երկրաշարժը շարժեց աշխարհի գութը, և այդ պահի ո՞ւր էր թուրքը, երբ հենց ընչաքաղց հայը իր ձեռքով գողանում էր աղետյալին մատուցվող օտարի օգնությունը, և որքան վայ-հայեր հղփացան աղետի գոտու տարաբախտ ժողովրդին տրվող օգնության հաշվին...
***
Որտե՞ղ էր թուրքը, երբ հայ վերադասը, բացի իր քաղաքացուն օրը ցերեկով գնդակահարելուց, նաև կարողանում էր վտարել երկրից` դարձնելով նրան «խոպանչի», մի՞թե այս երևույթը չծնեց արտագաղթ...
***
Ո՞ւր էր թուրքը, երբ երկրի հայ տերերը վարձու պատմագրի վայ-գրչով հերոսացնում էին լևոններին, վանոներին, ռոբերտներին, բլեյաններին, աշոտներին, գալուստներին, հրանուշներին, հերմինեներին` այս ազգադավ ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց թողնենք այս անօգուտ գործը և հարցնենք դարձյալ` ո՞ւր էր թուրքը, երբ վերը նշվածները կայացան` քայլելով իրենց իսկ ձեռքի զոհը դարձած բազում հերոսների դիակների վրայով:
***
Թո՞ւրքն է մեղավոր այսօրվա ընչազուրկ, կարիքի ծովում խեղդվող, կիսասոված ազատամարտիկի վիճակի համար...
***
Հայը եզակի ազգ է իր տեսակով, նա գիտի ծնել հազարավոր հերոսներ և նույնքան դավաճաններ և իր իսկ սնուցած նույն դավաճան ձեռքով վերջ տալ իր իսկ հերոսի կյանքին...
Ո՞ւր էր թուրքը, երբ այս հերոս ու դավաճան ծնող ժողովուրդը դառնում է լպրծուն ու կաշառասեր, և այն ցավոք ունի կրկնվող հաճախականություն` ընտրությունից ընտրություն:
Եվ վերջապես ո՞ւր է թուրքը, երբ մեր պետականությունը խեղդվում է արտագաղթի ու սնանկացման ճիրաններում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել