Pastinfo.am-ը գրում է.

Առաջիկա կիրակի Հենրիկ Մխիթարյանը, հավանաբար, կնշի սպասված նորամուտը բունդեսլիգայում: Այդ մասին հայտնում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Նշվում է, որ երեքշաբթի օրվա մարզման ժամանակ հարձակողական գործողությունները կազմակերպելիս դորտմունդցիները շեշտը դրել են հայ ֆուտբոլիստի վրա: Դա վկայում է այն մասին, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Բրաունշվեյգի «Այնտրախտի» հետ կիրակնօրյա հանդիպմանը: Կայքը նշում է, որ հապաղելով Հենրիկին մարտի նետելու հարցում՝ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խիզախում է ջուրը գցել նրա համար Դոնեցկի «Շախտյորին» վճարված 25 մլն եվրոն: Առավոտյան մարզմանը մասնակցել են 10 խաղացողներ, ներառյալ երկու դարպասապահը, որոնք պաշտոնական և ստուգողական խաղերին մասնակցելու համար չեն միացել իրենց երկրների ազգային հավաքականներին: Իսկ մեկնածների վերադարձից հետո Կլոպը մեկ օր է ունենալու առաջիկա խաղին պատրաստվելու համար: Ինչևէ, այս մարզման ընթացքում մեծ տեղ է հատկացվել ուժային դիմացկունության վարժություններին: Մարզիչը դժգոհել է դիմադրության պարագայում դաշտի կենտրոնը հատելու իր խաղացողների արագությունից: 

Օրվա երկրորդ կեսին Մխիթարյանը մասնակցել է 6-ը 6-ի դեմ ձևաչափով երկկողմանի խաղին՝ թողնելով, ինչպես կայքն է նշում, լավ տպավորություն: Ընդ որում, Միկին (այդպես են Գերմանիայում կոչում Հենրիկին) խաղացել է հիմնական կազմի ֆուտբոլիստների մարզաշապիկով: Ականատեսի վկայությամբ, «Լյուցերնի» հետ խաղում ստացած վնասվածքը, կարծես, չէր խանգարում նրան: Դեռ երեք օր առաջ Կլոպը նշել էր, որ Մխիթարյանը հեռու է լավագույն մարզավիճակից: 

Ամեն դեպքում, ըստ կայքի, Մխիթարյանի վերադարձը ուժեղացնում է «Բորուսիայի» հիմնական կազմում ընդգրկվելու համար մրցակցությունը: «Այնտրախտի» հետ առաջիկա խաղում պահեստայինների նստարանին կհայտնվի Յակուբ Բլաշիկովսկին: Մխիթարյանի հետ Կլոպը խաղը կազմակերպելու բազմազան տարբերակներ կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել