Armeniasputnik.am-ը գրում է.

Որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է, որ պետք չէ վստահել միջնորդներին հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում։

«Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել այն անձանց, որոնք փորձում են հանդես գալ որպես «միջնորդներ»: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին»,- նշված է Facebook-ի պաշտոնական էջում դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցնում են՝ ՌԴ տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները տրամադրվում են բացառապես Մոսկվայի դեսպանության հյուպատոսական բաժնում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում և Սոչիի հյուպատոսական կետերում Հասցեները և հեռախոսահամարները ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

ՌԴ այլ շրջաններում ՀՀ քաղաքացիների համար կազմակերպվում են արտագնա հյուպատոսական ընդունելություններ, որոնց մասին նախապես տեղեկացվում է սոցիալական ցանցերում դեսպանության պաշտոնական էջերում և կայքում:

Նշենք նաև, որ հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):

Ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հորդորում են բոլոր այն քաղաքացիներին, որոնք տեղեկատվություն ունեն՝ կապված «միջնորդների» հետ կամ առերեսվել են հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին, անհապաղ կապ հաստատեն դեսպանության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել