1in.am-ը գրում է.
2007 թ. օգոստոսի 14-ին Իրաքում չորս եզդիական գյուղ է ոչնչացվել: Եզդիների ոչնչացումը մինչև այժմ շարունակվում է: «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշա Սուլթանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ եզդի համայնքն այս առիթով Հայաստանի աջակցութունն է խնդրում և այսօր խնդրանք-նամակ կհանձնեն ՀՀ արտգորնախարարին և սփյուռքի նախարարին:
«Հյուսիսային Իրաքը, որը եզդիների պատմական զարգացման և եզդիների կրոնի ռեֆորմի վայրն է, այսօր գտնվում է ավերածությունների շրջանում: Ավերածությունների հեղինակները հիմնականում իսլամիսներն են, ովքեր իրենց համար հիմք ընդունելով եզդիիզմի մի քանի կետեր` եզդիներին համարում են սատանայապաշտ: Սա մի աստառ է, որով Քուրդիստանի կառավարությունը, որ եզդիաբնակ շրջաններում է իշխում, կարողանա տիրանալ եզդիաբնակ տարածքներին, որտեղ գտնվում է Իրաքի նավթի հիսուն տոկոսը»,- տեղեկացրեց Սաշա Սուլթանյանը:
Նրա խոսքերով` կոտորածներն իրականացվել են ավելի քան երկու-երեք դար, այս ընթացքում սպանվել է ավելի քան 23 մլն եզդի: 2003 թ. հետո ամենաուժգին հարվածը եզդիներին հասցվել է 2007 թ. օգոստոսի 14-ին` երեքշաբթի օրը, որը եզդիների շրջանում հայտնի է «սև երեքշաթբի» անվամբ: «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահի տվյալներով` այդ օրը ահաբեկիչները, որոնք ծայրահեղական իսլամիստներ էին՝ ազգությամբ արաբ և քուրդ, դյուրավառ հեղուկներով 4 բեռնատարներ են տեղակայել եզդիական գյուղերում, և այն պիկ ժամին, երբ առավելագույն թվով բնակիչներ են եղել գյուղում, պայթեցրել են դրանք: Մի քանի րոպե անց գրանցվել է ավելի քան 800 զոհ: Վիրավորվել է ավելի քան 1000 եզդի, որից երկու հարյուրը ավելի ուշ դարձյալ մահացել, որբ է մնացել մոտ 200 երեխա:
«Ակնհայտ է, որ այս հարձակման հեղինակը տեղում իշխող Քուրդիստանի տեղական իշխանությունն է: Այրված բեռնատարների վարորդները, որ օրեր առաջ մեքենան կայանել էին գյուղում, մի քանի օր ազատության մեջ լինելուց հետո ձերբակալվեցին Իրաքի իշխանության կողմից, այնուհետև Քուրդիստանի կառավարությունը միջնորդեց, որ այդ վարորդներին հանձնեն իրենց, և իրենք դատավարությունը կայացնեն։ Դատավարությունից հետո նրանք ազատ են արձակվել: Ակնհայտ է, որ սա կազմակերպված էր կոնկրետ Քուրդիստանի իշխանության կողմից»,- նշեց Սաշա Սուլթանյանը:
Նրա կարծիքով` եզդիների իրավունքներն Իրաքում որևէ կերպ չեն պաշտպանվում, իսկ միջազգային կազմակերպությունների լռությունը պայմանավորված է նրանով, որ սերտ կապերի մեջ են Քուրդիստանի հետ: