3 տարի առաջ, երբ նոր-նոր սկսել էին Արաբական գարնան հովերը, անգամ Հայաստանում կար հասարակության մի շերտ, որ ոչ միայն ջերմագին սիմպատիաներով էր վերաբերվում, այլև պիտակավորում էր ամեն մեկի, ով կհամարձակվեր ասել, որ չէ՛, Շուրա, սա Ռիո դե Ժանեյրոն չէ...
Հետաքրքիրն այն է, որ անգամ այսօր նմանները կան, ովքեր չնայած այն հանգամանքին, որ Արաբական գարունը արդեն ողջ հմայքով ցույց է տվել իր անհրապույր, անգրագետ ու արյունոտ դեմքը, չնայած նրան, որ նույն այն փոքրաթիվ առողջ ուժերը, որոնք իրենց երկրներում Արաբական գարուն ծնեցին, ակամայից այժմ համատարած սկսում են դուրս գալ այդ գարունների արդյունքում իշխանության եկած իսլամիստների ռեժիմների դեմ, շարունակում են պնդել, որ դա էլ լավ է, որովհետև ազատությունը հաղթեց, բռնապետությունը տապալվեց, բլա-բլա-բլա...
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե որ երկրում ինչ վիճակ է տիրում Արաբական գարնան շնորհիվ:
Լիբիա.
- Պերմանենտ քաղաքացիական պատերազմ՝ առանձին ցեղերի միջև և երկրի աստիճանական դեցենտրալիզացիա: Իշխանության գլխին իսլամիստ խամաճիկներ են, իսկ երկրում գործում են Շարիայի օրենքներ, որոնք ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունեն ի սկզբանե:
Թունիս.
- Ավելի խորացող ներքաղաքական ու տնտեսական ճգնաժամ: Իշխանության գլխին էլի իսլամիստներն են: Պարբերաբար տեղի են ունենում բողոքի ցույցեր և ոստիկանության հետ բախումներ: Պարբերաբար սպանվում են ընդդիմության առաջնորդներն ու ներկայացուցիչները:
Եգիպտոս.
- Իսլամիստների միամյա կառավարումից հետո երկիրը խորը ներքաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ է: Բանակը հեղաշրջում իրականացրեց, և այժմ հասունանում է քաղաքացիական պատերազմ իսլամիստների և մնացած Եգիպտոսի միջև: Իսլամիստների նախագահ Մուրսին էլ գտնվում է կալանքի տակ: Հենց այսօր 19 մարդ է զոհվել բանակի ու ոստիկանության ուժերի և իսլամիստների արյունոտ բախման ընթացքում:
Սիրիա.
- Արդեն երկու տարուց ավել ձգվող քաղաքացիական պատերազմ, որն իր դաժանությամբ ու արյունահեղության ծավալներով կարող է արդեն համեմատվել 90-ականների կոնֆլիկտներից Ռուանդայի ցեղասպանության և հարավսլավյան պատերազմների հետ: Մի կողմից մարտնչում է երկրի լեգիտիմ իշխանությունը «բռնապետ» Բաշար Ասադի ղեկավարությամբ, ում սատարում են նաև Իրանն ու Հզբոլլան, իսկ մյուս կողմից Արևուտքի կողմից աջակցվող «ազատասեր» «ազատության մարտիկները», որոնք չգիտես ինչու ոչ միշտ են անգամ սիրիացի, պարբերաբար ականատես ենք լինում այդ ազատամարտիկների կողմից իրականացվող վայրենություններին՝ մարդակերություն, էթնիկ զտումներ, հոգևորականների գլխատում, ռազմագերիների նախճիր...

Հիմա ասածս ի՞նչ ա: Էս Արաբական գարունից միակ խերը թերևս էն ա, որ շատ պարզ ցույց տրվեց, որ եթե ժողովրդավարությունը տեսականորեն լավ բան էլ ա, ապա հեչ պարտադիր չի, որ այն լավ իմպլեմենտացնել հնարավոր լինի ամեն ժողովրդի ու պետության վրա՝ անտեսելով տվյալ երկրին հատուկ կրոնական, մենթալ ու հոգեբանական առանձնահատկությունները: Դե իսկ մյուս կարևորագույն դասը պետք է նա լինի, որ անկախ նրանից` ինչ էքստազի մեջ են ընկնոււմ մեր արևմտամետ հայրենակիցները Եվրոպայի ու ԱՄՆ-ի անունները լսելուց, թող տեսնեն, թե ինչ ցինիկաբար ու նեոգաղութարարական ոճով են նրանք գործում այլ պետությունների դեպքում, և մի հատ թող հարցնեն իրենց, թե էդ ո՞ր տրամաբանությամբ մենք չպետք է վաղը հայտնվենք նույն էդ արևմտյան ցինիզմի, երկակի ստանդարտների ու նեոգաղութարար հայեցակարգի հիմքում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել