File:Mikhail Veller 2005 09 07.jpg

Միխայիլ Վելլերի «էներգոէվոլյուցիայի» տեսությունն էի բզբզում, մտքեր առաջացան, որոնք պետք էր գրի առնել:

Գիտական տեսությունը կարող է կրոնականից ոչ պակաս վտանգավոր ու հիմար բան դառնալ, երբ այն ընկնում է դիլետանտ «փիլիսոփայի» ձեռքն ու վերածվում գաղափարախոսության:

Ընդհանուր առմամբ, գիտական տեսությունները սովորաբար քննադատում են՝ պատճառաբանելով, որ դրանք ընդամենը տեսություններ են, որոնք միանշանակ ապացույցներ չունեն: Իմ կարծիքով, դա հենց գիտական տեսությունների ամենամեծ հմայքն է. տեսությունը միշտ կարող է հերքվել, եթե հայտնվեն նոր փաստեր, որոնք այն ժխտեն: Ու կստեղծվի նոր տեսություն:

Այ, օրինակ՝ էվոլյուցիոն տեսությունը, որը կրոնականները սիրում են «դարվինիզմ» անվանել: Իրականում դեռ մինչև Դարվինը կար Լամարկի էվոլյուցիոն տեսությունը, որը Դարվինը կարողացավ ժխտել: Ու ստեղծվեց Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, որի ժառանգն էլ հանդիսանում է ժամանակակիցը: Դարվինի շատ սկզբնական դրույթներ ժխտվել են, շատերը՝ հաստատվել: Տեսության մեջ դոգմաներ չկան:

Վելլերի տեսությունն ընդամենը ոչ գիտական հիպոթեզ է` հիմնված պոպուլյար գիտական հասկացությունների վրա: Ոչ գիտական հիպոթեզն այդ կիսագրագետ «փիլիսոփայի» երևակայության, տրամաբանության ու համառության վրա վերածվել է գաղափարախոսության: Նման գաղափարախոսության համար կենտրոնական են գեղեցիկ հնչող մտքերը:

Այն ինչքան էլ որ ժամանակակից գիտության հետ կոնֆլիկտների չգնա, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում՝ ընդամենը կարող է բավարարել մի քանի այլ դիլետանտների «տիեզերքի գաղտնիքները հասկանալու» մոլուցքը:

Գեշտալտ-հոգեբանությունը բավականին լավ բացատրություն է տալիս այս խնդրին. մարդկային հոգեբանությունը ցանկանում է ավարտել պատկերը՝ «փակել գեշտալտը», ժամանակի ցանկացած պահին ունենալ իր ունեցած բոլոր հարցերի պատասխանները: Որքան ավելի նեղ, փակ է մարդու միտքը, ինչքան քիչ են նրա գիտելիքները, այնքան ուժեղ է այդ հակումը:
«Ամեն անգամ, երբ մարդը վստահ է, որ լրիվ հասկանում է մեր մոլորակի իրավիճակը, դրա պատճառն այն է, որ նա կրոնական Հավատ կամ առանձին Գաղափարախոսություն է ընդունել (Գաղափարախոսությունները Հավատների ժամանակակից տարբերակն են) ու դադարել մտածել»:
- Ռոբերտ Էնտոն Ուիլսոն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել