Սա էլ մի նոր ինքնաբուխ շարժում: Տրանսպորտի սակագների թանկացման դեմ պայքարը ցույց տվեց, որ խմբային ընդվզումներով հնարավոր է հասնել հաջողության: Հանրությունը հասկացավ, որ այսպիսի ձևերով հնարավոր է հաջողության հասնել նաև այլ ոլորտներում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մենք դեմ ենք ուսման վարձավճարների թանկացմանը» խումբ է բացվել, որը հատկանշական է նրանով, որ կարճ ժամանակահատվածում խմբին միացել են ոչ միայ ուսանողներ, այլև բազմաթիվ քաղաքացիներ: Թե ֆեյսբուքյան այս խմբի գրառումներից, թե տարբեր լրատվամիջոցների հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հնարավոր է, որ մոտ ժամանակներս «Բիզնեսի բանջարը ուսման հանճարին վնաս է» կարգախոսով բուհերի ուսանողները սկսեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ ընդդեմ վարձավճարների բարձրացման: Սա լավ են գիտակցում նաև ԲՈՒՀ-երի ռեկտորները, սակայն ըստ ռեկտորների մերձավոր շրջապատի կողմից տված տեղեկությունների, նրանք, ի տարբերություն քաղաքապետի, մարտական են տրամադրված, քաղաքապետի պարտությունը որպես դոգմա չեն ընդունում և վճռական քայլեր են ձեռնարկում պայքարը ձախողելու ուղղությամբ:
Հեռու չգնանք` տեսնենք թե լրագրողի հարցին ինչ պատասխան է տվել` Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը և ըստ դրա եզրակացնենք, թե ինչ զարգացումներ են մեզ սպասում այս հարթության մեջ: Եվ այսպես, հարց`«քաղաքացիական պայքարը շուտով տեղափոխվելու է վարձավճարների թանկացման դեմ, սա Ձեզ մտահոգո՞ւմ է», պատասխան`«Մտահոգում է այնքանով, որ դրանով կսկսեն քանդել, կազմաքանդել բուհական համակարգը, որովհետև բուհական համակարգը չի կարող ձրի գոյատևել, պետք է ինչ-որ մի տեղից ֆինանսավորվի: Եթե իրենց առջեւ քաղաքական նպատակներ են դրել, կամ ուրիշ զբաղմունք չունեն, դրանով պիտի զբաղվեն, դա, բնականաբար, կազմալուծելու է բուհերի աշխատանքը»: Այնուհետև համալսարանի ռեկտորը ավելացրել է`«Ի՞նչ զիջում, որոշումը կայացրել է համալսարանի խորհուրդը»:
Հարգելի ընթերցողներ, Արամ Սիմոնյանի և այլ ռեկտորների մտածելակերպը կործանարար կարող է լիներ մեր պետության կրթական համակարգի համար: Կործանարար, քանի որ այստեղ անտեսված է երկրի սոցիալ տնտեսական ծանր իրավիճակը: Ռեկտորները պետք է հասկանան, որ իրենց ընդունած որոշումները պետք է համաշունչ լինեն երկրի սոցիալ տնտեսական վիճակի հետ, ժամանակն է եկել, որպեսզի նրանք հասկանան, որ «զորբայությամբ» հնարավոր չէ այս հարցը լուծել, պետք է գիտակցեն, որ ամբողջ աշխարհում ուսանողության ձայնը լսելի է և Հայաստանի ուսանողները բացառություն չեն կարող լինել, նրանք պետք է հասկանան, որ ամեն մի դիմակայում ուսանողության պահանջին կիջեցնի տվյալ ԲՈՒՀ-երի վարկանիշը:
Ինչքան էլ, որ տարօրինակ չհնչի, բայց ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ ուսման վարձավճարների բարձրացումը կարող է նոր քաղաքական զարգացումների պատճառ դառնալ: Ըստ իս, այս նոր շարժումը չի հանգելու, այլ ընդհակառակը նա շատ արագ զարգացումներ է ապրելու, այնքան ժամանակ, մինչև գտնվի այլընտրանքային տարբերակ:
Հ.Գ. Չպետք է մոռանալ` Հանրության համար կարևորը ուսանողների կարծիքն է, այլ ոչ թե մի խումբ ռեկտորների, քանզի այսօրվա ուսանողությունն է մեր վաղվա ապագայի երաշխիքը:
Նյութի աղբյուր՝ http://hartak.am