Այն ինչ կառավարությունը չկարողացավ իրականացնել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի միջոցով, որի սահմանադրականության հարցը մոտ օրերս պետք է լուծի Սահմանադրական դատարանը՝ կառավարությունը, ըստ էության փորձում է ենթաօրենսդրական ակտերով հասնել իր դրված նպատակներին։
Մասնավորապես շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է պետական բուհերի Հոգաբարձուների խորհրդի կազմը ենթարկել քանակական լուրջ վերափոխման։
Նկատենք, որ պետական բուհերի գործող կանոնադրություններում Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրի, լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության առաջադրած թեկնածուներից՝ յուրաքանչյուրը 25 տոկոս համամասնությամբ։
Փոփոխվող նախագծում առաջարկվում է պետական բուհերի բարձրագույն մարմինների հիշյալ համամասնությունը փոփոխել՝ հիմնադրին՝ այսինքն կառվարությանը վերապահելով 55 տոկոս, լիազոր մարմնին՝ այսինքն նախարարությանը՝ 10 տոկոս, պրոֆեսորադասախոսական կազմին՝ 10 տոկոս և ուսանողությանը 25 տոկոս համասնությամբ։
Ստացվում է՝ լայն հաշվով պետությունը 20 հոգանոց խորհրդի կազմից առաջադրում է 13, բուհի դասախոսական կազմը՝ 2, իսկ ուսանողները՝ 5 հոգի անդամներ։ Ընդ որում առաջադրված թեկնածուների հիման վրա խորհրդի կազմը լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է ՀՀ վարչապետը։
Ակնհայտ է, որ բարձրագույն կրթության ոլորտում կառավարության որդեգրած մոտեցումը միտված է տոտալ վերահսկողության հաստատմանը։ Արդունքում ոչնչացվում է բուհի ինքնավարության սկզբունքը, որը ի դեպ կրթության ոլորտի հիմնարար սկզբունքներից մեկն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել