Ընդհանրապես կոսմոպոլիտ մարդ լինելով՝ շատ քիչ երևույթներ կան, որոնք սնում են իմ ազգային հպարտությունը, ընդգծում հայի իմ տեսակը: Այդ հպարտության զգացողությունն ունեցա օրեր առաջ, երբ իմ հայրենի Նոյեմբերյան քաղաքի «Սոսե» պարի համույթը մասնակցեց Վրաստանի Քոբուլետի ծովափնյա քաղաքում կայացած պարի մրցույթին և գրավեց առաջին հորիզոնականը՝ բազմաթիվ այլ պարի խմբերի միջև մրցության արդյունքում: «Սոսե»-ն նաև հրավեր ստացավ մասնակցելու հեղինակավոր միջազգային պարային մրցույթի: Անշուշտ, փոքրիկ քաղաքի բնակչիս համար մեծագույն պատիվ է, որ իմ քաղաքի անունը հնչում է նման հեղինակավոր մրցույթներում, այն էլ՝ հաղթողի կարգավիճակում:
Հենց այդ գիտակցումով Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի և ավագանու անդամներ Մխիթար Խաչիկյանի, Արթուր Անանյանի, Ռուբիկ Գիշյանի, Արարատ Գիշյանի, Մհեր Մամյանի, Թաթուլ Գասպարյանի, Վարդան Ազիբեկյանի և Արթուր Ամիրաղյանի հետ, որոնց հետ միասին մեր ամառային հանգիստն էինք վայելում, մեկնեցինք երեխաների հանգստավայր՝ հատուկ շնորհավորելու և պատվոգրեր հանձնելու համար: Երեխաները ծովափնյա փոքրիկ բեմից հանպատրաստի համերգ կազմակերպեցին, ցուցադրեցին հիանալի պարային շոու: Քիչ անց նկատեցի, որ մեր երեխաների պարով հիացած բազմաթիվ այլազգի զբոսաշրջիկներ հավաքվել են՝ դիտելու բեմադրությունը: Իսկապես շատ ոգևորվեցի, երբ զբոսաշրջիկները մոտենում էին մեզ և ցույց տալով երեխաների կողմը՝ հայերենով ասում էին. «Ցավը տանեմ»...
Մի խոսքով, հրաշալի օր էր՝ հրաշալի տպավորություններով, վերջում երեխաների հետ հիանալի խնջույքով, բարձր տրամադրությամբ: Երեխաները ստիպեցին, որ վերջին ամիսների համար անսովոր բարի գրառում կատարեմ:
Ուզում եմ ընդգծել խմբի ղեկավար Կարինե Ջիլավյանի անուրանալի ավանդը հրաշալի համույթի ձևավորման գործում, ինչպես նաև ծնողների ներդրումը, որով հնարավոր է դարձել երեխաների մասնակցությունը վերոհիշյալ մրցույթին: Ապրեք բոլորդ: