Factor.am-ը գրում է․
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, որոշվելու են անվտանգային սեկտորով և ոչ թե անցյալի մասին հայտարարություններով։ Այս մասին գրել է Carnegie Europe-ի վերլուծաբան Մարկ Պիերինին, հաղորդում է Ahval-ը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը 1981 թվականից ի վեր օգտագործեց վիճահարույց այդ եզրույթը Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունում 1․5 մլն հայերի սպանությունների հետ կապված։ «Բայդենի հայտարարության հետ կապված վրդովմունքը կարող է լինել կարճատև կամ երկարատև»,- գրում է Պիերինին ու հավելում, որ Թուրքիան չի փոխի իր դիրքը և անցյալին դիմելը շատ բարդ գործընթաց է։
Պիերինին նաև նշում է, որ Թուրքիայի կտրուկ արձագանքը չի փոխի ԱՄՆ-ի, եվրոպական շատ երկրների կամ Ռուսաստանի պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելին, ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն հայտնեց շարժվել առաջ՝ ասելով․ «Մենք հիմա տարաձայնությունները պիտի մի կողմ դնենք ու նայենք՝ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել հիմա»։ Ազգային ռազմական քոլեջի պրոֆեսոր Օմեր Թաշփինարն էլ ասել է, որ թուրքական կառավարությունը տեղյակ է եղել, որ Բայդենն օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը և խնդրել վարչակազմին խուսափել տեքստում դատապարտող արտահայտություններից։ «Թուրքիան վախենում է տնտեսությունից, ինչպես միշտ, վախենում է դատական հայցերից՝ ներառյալ Halkbank-ի գործը»,- ասել է Թաշփինարը։ Պիերինին էլ ենթադրում է լուռ չհամաձայնությունը ճանաչմանը, որը, հավանաբար, լավագույն ելքն է․ «Գլխավոր խնդիրն ԱՄՆ-ի, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի համար նոր ստեղծված իրավիճակն է, Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների տեղակայումը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ