Արա Այվազյանը Բայդենի հայտարարությունից հետո հույս է հայտնում, որ այն կարևոր քայլ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Տպավորություն է, որ Թուրքիայի հետ հնարավորինս արագ եղբայրանալու ձգտումն այնքան մեծ է գործող իշխանության մոտ, որ արտգործնախարարն արդեն մոռացել է 6 ամիս առաջ տեղի ունեցած պատերազմն ու Թուրքիայի դերակատարումը, չի նկատել բառացիորեն երեկ Էրդողանի արած հայտարարությունները՝ լի կեղծիքով և հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներով:
Եվ ի՞նչ՝ ստացվում է մեր միակ երազանքն ու պահանջը ԱՄՆ նախագահի կողմից "ցեղասպանություն" բառի օգտագործու՞մն էր: Դրանից հետո մենք էլ Թուրքիայից որևէ պահանջ, որևէ ակնկալիք չունե՞նք:
Թուրքիան միշտ մի քանի հիմնական նախապայման է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորում ի նպաստ Ադրբեջանի, հրաժարում Ցեղասպանության ճանաչման համար պայքարից և Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:
Թուրքիայից որևէ ազդակ չկա այս նախապայմաններից հրաժարվելու վերաբերյալ, եթե չասենք ճիշտ հակառակը: Ուրեմն Հայաստանն այսօր պատրա՞ստ է բավարարել այս նախապայմանները՝ հանուն սահմանների բացման ու "լավ ապրելու" անորոշ հեռանկարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել