1in.am-ը գրում է.
Այս պահին նստացույցի 18-րդ օրը նստացույցի մասնակիցները տեղադրելու են հովանոց քաղաքապետարանի այն հատվածում, որը չի խոչընդոտի մարդկանց ազատ տեղաշարժին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նստացույցի մասնակիցների հետ զրույցում նշեց, որ տղաների պահանջը օրինական չէ, քանի որ չկա քաղաքապետարանի թույլտվությունը. եթե տղաները որոշեն տեղադրել հովանոցը, ապա իրենք պարզապես չեն թողնի:
Նստացույցի մասնակից Վահագն Մարտիրոսյանը բարձրախոսով դիմեց քաղաքապետարանին, որ երկու րոպեից պատրաստվում են տեղադրել հովանոցը, և եթե քաղաքապետարանից համապատասխան լիազոր անձը չիջնի և չներկայացնի առարկություններ, նշանակում է առարկություններ չկան: Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ նստացույցի մասնակիցներից մեկը արևահարվել էր, և նրան շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց: Բացի դրանից՝ նստացույցի մասնակիցներն արդեն մի քանի օր է՝ ունեն 37.5 աստիճան ջերմություն:
Լրագրողների այն հարցին ի պատասխան, թե արդյոք դա չի՞ մտահոգում ոստիկաններին, Վալերի Օսիպյանը նշեց, որ թեև շատ է մտահոգում, բայց պահանջը օրինական չէ, և չկա քաղաքապետարանի թույլտվությունը:
Ի դեպ, նստացույցի մասնակիցները գրավոր դիմել են քաղաքապետարան հովանոց տեղադրելու համար, սակայն պատասխան չկա: