Aysor.am-ը գրում է.

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել` ընդդեմ ուսման վարձերի թանկացման:

Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները ցանկանում էին հանդիպել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով պատրաստ էր ընդունել բողոքողներից միայն 10 հոգու: Այդ պատճառաբանությամբ երեկ ցուցարարները հրաժարվեցին նախարարի հետ հանդիպել: Քիչ առաջ նախարարության ներկայացուցիչը բոլոր ակտիվիստներին հրավիրեց նախարարություն` հանդիպելու Աշոտյանի հետ, սակայն ցուցարարները մերժեցին առաջարկը: Ըստ նախարարության ներկայացուցչի՝ Արմեն Աշոտյանը պատրաստ էր ընդունել բոլորին, այդ թվում՝ լրագրողներին:

Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ նախարարն անձամբ իջնի և նախարարության դիմաց հանդիպի բոլոր ցուցարարներին: 

«Մենք չենք պատրաստվում մտնել նախարարություն: Նա պարտավոր է իջնել: Մենք կուլիսային որևէ քննարկում չենք անի»,- ասում էին երիտասարդները:

Նշենք, որ դեռ երեկվանից երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպում ուսման վճարի բարձրացման դեմ: Ակտիվիստները խոստացել էին, որ ԿԳ նախարարին ներկայացնելու են հստակ առաջարկներ` ուղղված ուսման վարձավճարների ավելացման դեմ, սակայն դեռևս որևէ առաջարկ չի ներկայացվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել