Tert.am-ը գրում է.
Հիմա, երբ Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները, ադրբեջանական կլանը փորձում է ավելի ընդգծել հայի հանդեպ թշնամանքը՝ պատերազմական իրավիճակի տպավորություն ստեղծելով, թեև Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, առավել ևս նախընտրական շրջանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։
Խոսելով ադրբեջանահայկական սահմանին վերջերս նկատվող ակտիվության մասին նա ասաց. «Անցյալ տարի նույնպես սահմանի վրա ադրբեջանական կողմի ակտիվությունը համընկավ ԱՄՆ պետքարտուղարի այցով: Արդյոք կարելի՞ է պատահական համարել այս զուգադիպությունը, որ թե՛ նախորդ տարի, թե՛ հիմա սահմանի վրա ակտիվացումը պայմանավորված է ԱՄՆ գործիչների այցերով»:
Դավիթ Ջամալյանն անձամբ հակված է ենթադրել, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ գործիչների հետ հանդիպելուց առաջ սահմանի վրա սրում է իրավիճակը և փորձում դիվիդենտներ շահել, ապակայունացնել իրավիճակը, որպեսզի հասկանա ամերիկյան կողմի արձագանքը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը պարբերաբար քաղաքական, քարոզչական նկատառումներով սրում է իրավիճակը սահմանի վրա, և հերթական անգամ մենք համոզվեցինք նրանում, որ եթե հայկական կողմի ռեակցիան լինի կտրուկ, թշնամին մի որոշ ժամանակ դադարեցնում է իր ագրեսիվ կեցվածքը սահմանին»,– ասաց նա:
«Հերթական անգամ տեսնում ենք, որ միայն ավելի անհամաչափ կորուստեր պատճառելն է ճնշում թշնամուն»,- ընդգծեց փորձագետը՝ նկատի ունենալով վերջին շրջանում սահմանի վրա հայկական կողմի պատասխան գործողությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ