Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին.
«Ապրիլի 24-ին աշխարհում հարգանքի տուրք են մատուցում թուրքերի կողմից 1915 թ. կատարված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ օրը 250 հայ մտավորականներ և հասարակական գործիչներ ձերբակալվեցին Կոստանդնուպոլսում և ուղարկվեցին Չանկրի և Այաշ, որտեղ էլ հետագայում սպանվեցին։
Այս օրը Հայոց ցեղասպանությունը սկսվեց։ «Բնաջնջումը» շարունակվեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ հանգեցնելով միլիոնավոր հայերի, հույների ու ասորիների կոտորմանը։
Հայերը դուրս էին բերվում իրենց տներից և ուղարկվում մահվան քայլերթի Միջագետքի անապատում՝ առանց սննդի ու ջրի։ Հաճախ նրանց մերկացնում էին և ստիպում քայլել կիզիչ արևի տակ, մինչև որ վերջիններս մահանում էին։
Միաժամանակ երիտթուրքերը «հատուկ կազմակերպություն» էին ստեղծել, որը կազմակերպում էր «դահիճների գումարտակներ»՝ «քրիստոնեական ամեն ինչը» վերացնելու համար։ Նման խմբերը, որպես կանոն, բաղկացած էին լինում մարդասպաններից և նախկին դատապարտյալներից։
Ցեղասպանության ընթացքում 1,5 միլիոն հայ, 900,000 հույն և 400,000 քրիստոնյա ասորի է սպանվել։
Վկայությունները ցույց են տալիս, որ «թուրքացման» գործընթացում առևանգել են երեխաներին, կրոնափոխել նրանց իսլամի և հանձնել թուրքական ընտանիքների։ Որոշ վայրերում բռնաբարել են կանանց և ստիպել միանալ թուրքական հարեմներին՝ որպես հարճեր։
Սիդնեյի և Մելբուրնի հունական, հայկական և ասորական համայնքները Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի վրա ճնշումներ գործադրելու միջոցով պետք է ստիպեն ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ցեղասպանության ակտը»։



