Armenpress.am-ը գրում է․

Լիբանանում ապրիլի 23֊ին ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լիբանանից, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Բեյրութի կենտրոնական Շուհադա (Նահատակներ) հրապարակում՝  Ազատության արձանի մոտ։

Ներկաները մոմավառություն են կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հավաքին հնչող դատապարտող ելույթներում ընդգծվել է նոր ցեղասպանությունները կանխարգելելու հարցը, դրա շուրջ ջանքերը միավորելու հանգամանքը։

Լիբանանը 2000 թվականի մայիսի 11֊ին խորհրդարանի որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դրանից առաջ Պատգամավորների պալատի որոշում է եղել 1997 թվականի ապրիլի 3֊ին։

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի երեք տասնյակ պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել