1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ռիմա Կնիշի գործի դատավարությունը:

43-ամյա ուկրաինուհի Կնիշը ապրում է Լոռու մարզի գյուղերից մեկում: 

Մինչև հանցավոր արարքի կատարումը Կնիշի խնամքին երեք անչափահաս երեխա կար:

Կայացված դատական ակտի համաձայն՝ Ռիման 3500 դոլարով Ախթալայի բնակիչ Ա. Կ.-ին է վաճառել 2010 թվականի հունվարի 26-ին ծնված իր զավակին: 

2011 թվականի մարտի 13-ին, երեխային վաճառելու վերաբերյալ նախնական պայմանավորվածության համաձայն, Ռիման Թումանյան քաղաքում հիշյալ քաղաքացուց ստացել է հազար դոլար: 

Երկու օր անց՝ մարտի 15-ին Ռիման մարզի Մղարթ գյուղի մոտ վաճառվող երեխային հանձնել է գնորդին: 

Մարտի 22-ին Վանաձորում կայացել է երեխայի վաճառքի վերջին գործողությունը. Ռիման գնորդից ստացել է պայմանավորված գումարի պակասող մասը՝ 2500 դոլարը:

Երեխայի առուվաճառքը բացահայտվել է ոչ անմիջապես: 

Ռիմա Կնիշին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի մայիսի 18-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռիմա Կնիշն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Ռիմայի խնամքին երկու անչափահաս երեխա կա, նա դրական է բնութագրվել գյուղապետի կողմից:

Ռիմա Կնիշը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Օրերս Վանաձորում բացահայտվել է երեխայի առուվաճառքի ևս մեկ խայտառակ պատմություն: Այս անգամ հանցագործությունը բացահայտվել է հենց կատարման պահին, և գործարքի կատարմանը միջնորդների ու պաշտոնյայի մասնակցությունը ևս քննության կառնվի:

Հնարավոր է, որ Ռիմա Կնիշը ևս ունեցել է նման «օգնականներ», սակայն նրանք «ջրի երես» դուրս չեն եկել:

Երեխաների վաճառքի ոչ եզակի դեպքերի համար միայն սոցիալական անպահովությունը չէ, որ դրդապատճառ է հանդիսանում: Բարոյական տեղաշարժերը, ոգու իսկական սովը, տարրական տգիտությունը հնարավոր են դարձնում, որ ճարպիկ մարդիկ բոլորովին ոչ մեծ գումարներով գայթակղեն «մայր» կոչվող կանանց ու առ և տուրի վաճառասեղանին, որպես պահանջարկ վայելող ապրանքատեսականի, նետեն փոքրիկ, անօգնական երեխաներին:

Նման գործարքների բուն կազմակերպիչներին իրական պատժի ենթարկելով, միգուցե, հնարավոր դառնա այս հանցատեսակի առաջն առնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել