1in.am-ը գրում է.
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում փլուզվել է զբոսաշրջիկների համար նախատեսված եռահարկ շենքի մի մասը, երբ նրա տակ 12x15 մ խոռոչ է առաջացել 4.5 մ խորությամբ: Դեպքը տեղի է ունեցել Summer Bay Resort հանգստավայրում, որը գտնվում է Walt Disney World զվարճանքի կենտրոնի մոտակայքում, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ականատեսների խոսքերի՝ մինչև փլուզումը նրանք ճաքելու բարձր ձայն են լսել և ճաքեր են տեսել պատուհաններին: Այնտեղ բնակվող հյուրանոցի բոլոր հյուրերը տարհանվել են նախքան շինության մի մասը կհայտնվեր փոսում, նշում է CNN-ը:
Ընդհանուր առմամբ տարհանվել էր 36 մարդ: Շնորհիվ պահակի և աշխատակիցների զգոնության՝ տուժածներ չկան:
Ֆլորիդայում երբեմն առաջանում են նմանատիպ՝ բնական ծագում ունեցող խոռոչեր, որտեղ հայտնվում են տներ: Նման խոռոչներն առաջանում են հողի՝ ջրով ողողվելով քշվելու հետևանքով: