News.am-ը գրում է.

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։

«Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Ուղարկվել են նաեւ լուսանկարներ»,– ասաց Իրինա Յոլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 22–ին, կեսգիշերն անց Մենուա Հովսեփյանին ոստիկանները բերման են ենթարկել։ Իրինա Յոլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունեն, թե որ ուղղությամբ են նրան տարել։ Այդ մասին անգամ նրա փաստաբանները չգիտեին։

Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ բնակիչների հետ եւս մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին։

Նշենք, որ երեկվանից հետո ոստիկանները բերման են ենթարկել նաեւ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին եւ Շուռնուխ համայնքի նախկին ղեկավար Արարատ Աղաբեկյանին։ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել