Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ Զաքարյանի հետ միասին ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:
Ոստիկանությունում իրենց ասացին, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված որևէ գործողություն չի կատարվում:
Ավելի ուշ Պապոյանը ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:
«Մեզ հավաստիացրին, որ, նորից եմ կրկնում, Մխիթար Զաքարյանի հետ կապված այս պահին որևէ գործողություն չկա կատարելու, մենք Մխիթար Զաքարյանի հետ այս պահին ուղևորվում ենք իր բնակության վայր, և հուսով ենք, որ գործողություն լինելուն պես մեզ կտեղեկացնեն սահմանված կարգով»,- ասել է փաստաբանը: