Հեյ գիտի ՏՄՊՊՀ նախկին նախագահ Շահնազարյա՜ն... որ 4-5 տարի առաջ` Նոր տարվա նախօրեին, ձվի շուկայում մոնիտորինգ կատարելուց ու թանկ գնով վաճառքի հանող տնտեսվարողներին տուգանելուց հետո զայրացած ասում էր. «Ի՞նչ է, հայ ժողովուրդը դատապարտվա՞ծ է 60 դրամով ձու ուտել»: Այն ժամանակ ամենաթանկ շեմը, այն էլ՝ Նոր տարվա նախօրեին, 60 դրամն էր: Հիմա` հերթական նախագահական ընտրություններից ամիսներ անց, ձվի գնի ամենացածր շեմն է 60 դրամը, ու ամառ օրով կիզիչ կամ՝ լոռեցիների ասած՝ «տիժիկ» արեւի տակ դրած, վանաձորյան առեւտրի կետերում 60-75 դրամանոց ձվեր են վաճառում. հավանաբար, նկատի ունենալով այն, որ ամառային շոգի պայմաններում ձուն տեղնուտեղը «եփում» է կամ ձվածեղ դառնում, ուստի արեւային էներգիայի արժեքն էլ հետն են հաշվում (չենք կասկածում, որ նույնն էլ մայրաքաղաքում է): Իսկ ՏՄՊՊՀ-ն բացարձակ անտերության է մատնել այս ոլորտը, ու եթե տուգանում է, ապա միայն...էժան ձու վաճառողներին, ինչին ականատես եղանք տարիներ առաջ: Դե հավանաբար մտածում են, որ գները դարձել են «աչքին սովոր մակարդակի»: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, գների հերթական բարձրացումը խիստ դատապարտելով, ՀՀ նախագահը հավաստիացրեց, որ դրանք առաջիկայում կիջնեն նախկին` «աչքին սովոր մակարդակի»: Դրանից հետո գներն իջան միայն բանջարեղենի ոլորտում (հատկապես, երբ փոխվեց գյուղնախարարը), իսկ մնացած բնագավառներում արդեն մշտական թանկացումները կայունանալով դարձան «աչքին սովոր մակարդակի»: Հիմա «աչքին սովոր մակարդակը» 370 դրամանոց շաքարավազն է, ու մարդիկ, հատկապես ՝ պահածոյացման շրջանում, ուրախանում են, որ այն ... 10դրամով իջել է կիլոգրամի մեջ: Աչքին սովոր մակարդակի է նաեւ 60-70 դրամանոց ձուն, 400-600 դրամանոց բրինձը, 800 դրամանոց ձեթը եւ այլն: Ամենից խղճովը, թերեւս, բառացիորեն չարքաշ կյանք վարող գյուղացիներն են, որ կարկուտի հետեւանքների փոխհատուցումը չստանալու պայմաններում անգամ ստիպված են գները պահել աչքին սովոր էժան մակարդակի վրա. կարտոֆիլը՝ 50-130, լոլիկը՝ 100-150, սմբուկը՝ 50-100դրամ: Փառք ու պատիվ հայ գյուղացուն:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/08/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել