ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՍԸ
Վրաստանում կառուցվող Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանայություն: Ավելին՝ դրանք առավել քան կարևոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար:
ՀԷԿ-ը կառուցվում է թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել է Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան: Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չի կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիյի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել նաև Մոսկվային, որը դեռևս սահմանափակվում է փորձագիտական կոշտ գնահատականներով:
Գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց են կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում են ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու ավելի հաճախ՝ հակաթուրքական դրույթներ:
Պատահական չեն վերջին շրջանում թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում ՛՛հակաթուրքական հիսթերիայի՛՛ գեներացման մասին: Վերջերս էլ խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ: Հետևաբար, Նամախվանի ՀԷԿ-ն այլևս սոսկ տնտեսական նախագիծ չէ, այն ձեռք է բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից է:
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց կարևոր են նաև մեզ համար: Դրանք ցույց են տալիս Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները:
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ:
Այս ճշմարտության վրա է պետք կառուցել Հայաստանի ապագան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել