1in.am-ը գրում է.
ՀՀ-ում մինչև 15 տարեկան տղաները 39 000-ով շատ են աղջիկներից: Այս անհամամասնությունն, ըստ մասնագետների, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանք է: Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի կանխատեսմամբ՝ մինչև այս երեխաները կդառնան 20-25 տարեկան, այսինքն՝ ամուսնական տարիքի, աղջիկների ու տղաների թիվը մի քիչ կմոտենա:
«Սա երկու պատճառ ունի, որովհետև տղաների մահացության թիվն ավելի բարձր կլինի, քան աղջիկներինը, երկրորդ՝ որ երկրից ավելի շատ կմեկնեն տղաներ, քան աղջիկներ: Բայց տարբերություն կմնա, և այդ տարբերությունը, բնականաբար, ինչ-որ սոցիալական հետևանքների կհանգեցնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Եգանյանը:
Ժողովրդագետը համաձայն չէ մասնագետների այն կարծիքի հետ, որ սեռերի թվերի մեծ տարբերությունը կարող է բերել հանցագործությունների թվի էական աճի, ըստ նրա՝ սոցիալ-հոգեբանական խնդիրներ կլինեն, դրանք կունենան հետևանքներ՝ անպայման, բայց որքանով այդ հետևանքներն ազդեցիկ կլինեն՝ այլ խնդիր է:
«Սա այն բանի հետևանք է, որ մենք միջամտում ենք բնության գործերին, որը ճիշտ չէ: Բնությունն այդ երևույթը կարգավորում է մարդու կայնքի համար շատ հարմար ձևով, միշտ ծնվում են 106-107 տղա՝ 100 աղջկա դիմաց, այս թվերը, ի վերջո 20 տարեկանին մոտ հավասարվում են և որևէ խնդիր չի առաջանում ամուսնական զույգեր կազմելու, հետագայում վերարտադրական գործընթացների համար: Հիմա մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, երբ ծնվում է 120 տղա՝ 100 աղջկա դիմաց, որովհետև մենք միջամտում ենք այդ գործընթացներին։ Երբեմն աղջիկների պտուղները չենք թողնում, որ կյանքի իրավունք ունենան՝ հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Դա շատ բացասական երևույթ է՝ հետաձգված հետևանքներով»,- նշեց Ռուբեն Եգանյանը:
Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ ողբերգություն չկա այս երևույթի մեջ, բայց դա սոցիալական, ժողովրդագրական, տնտեսական՝ բոլոր տեսակի երևույթների վրա միանշանակ ազդելու է և, ըստ նրա, բացասաբար է ազդելու։