Փառք Աստծո, էս պատերազմում ես մտերիմ մարդ չեմ կորցրել, գերի կամ անհետ կորած բարեկամ չունեմ։ Թվում է, թե ես երջանիկ պետք ա լինեմ, բայց դա այդպես չէ։ Ես ամեն օր լսում ու կարդում եմ տղերքի պատմությունները ու իրենց հարազատների վիշտն արդեն իմ անձնականն ա դարձել։
Քիչ առաջ էլ զոհված տղերքից Էրիկի մորաքրոջ հետ էի հանդիպել։ Երկար պատմեց ու վերհիշեց Էրիկին։
Այդ ժամանակ էր, որ զանգեց Էրիկի զոհված ծառայակից ընկերներից մեկի մայրն ու հեկեկալով պատմում էր երեկվա քեֆ-ուրախության, հրավառության մասին։ Իրենք այդ տարածքում են ապրում, այդ ամենն իր աչքի առաջ էր եղել... Բարձրախոսը միացված էր, ու նա հեկեկալով պատմում էր, թե ոնց էր հրավառության ամեն գմփոցի հետ զոհված տղերքը գալիս աչքի առաջ...
Ես, որ ոչ ներկա էի գտնվել այդ առիթին, ոչ էլ մասնակից էի դրան, ինձ մեղավոր զգացի, չգիտեի ինչ պատասխանել։
Գիտե՞ք ցավը որն է, որ էս ամենը չպետք ա լիներ։ Էս ճոխությունն ու շքեղությունն ընդհանրապես չպետք ա երևար։ Էս սգացող ազգի մեջ դու ցույց ես տալիս, որ երջանի՞կ ես, է ո՞վ չգիտի, է ո՞ւմ ես դա ապացուցում, մի բուռ դարձած ծնողների՞ն...
Չգիտեմ, անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչ որակում տամ էս ամենին։ Ես ինքս ինձ մեղավոր եմ զգում, որովհետև ինքս ինձ համոզել էի ու հավատում էի, որ էսքան ջահել տղու հողը դնելուց հետո հայ մարդը գոնե մի փոքր կզսպի իր ցուցամոլ ցանկությունները։ Պարզվեց՝ չէ...
Տղերքի դեռ տարին չի հելել, տղա կա դեռ քառասունքը դուրս չի եկել, վերջին հաշվով տղա կա, ում մասունքները դեռ չեն գտել, դուք էս քեֆ-ուրախությունը անում եք, որ ո՞ւմ ի՞նչ ապացուցեք։ Որ սգացող ծնողին ցույց տաք ձեր ոտքով-ձեռքով տղու երջանկությո՞ւնը։ Հավատացեք, ոնց պետքն ա ցույց տվեցիք, դեռ մի բան էլ ավել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել