Հայաստանն այսօր պատերազմելու ռեսուրս չունի, Հայաստանը խաղաղության այլընտրանք չունի, Նիկոլ Փաշինյանի առաջարկը խաղաղություն չէ, կապիտուլյացիա է, խայտառակությունն ու պարտությունը տարբեր բաներ են, մենք չենք պարտվել, մենք դավաճանվել ենք ու խայտառակվել։ Այս մասին այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Արցախի մասին իմ գնահատականը հետևյալն է՝ մենք պարտվել ենք, որովհետև դավաճանվել ենք, հետևաբար՝ խայտառակվել ենք։ Մենք չենք կարող շարունակել խայտառակված երկիր մնալ, մենք պետք է արժանապատիվ խաղաղության աշխատանքներ սկսենք, իսկ դրա համար մենք պետք է ընտրենք, թե ո՞ր կենտրոնի վրա ենք հենվում»,-ասաց նա։

Մինասյանը նշեց՝ պիտի հասկանանք՝ ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ, գտնենք, կառուցենք և գնանք առաջ։

«Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, դրան այլընտրանք չկա, ով ինչ ասում է՝ խաբում է, բայց նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ-ն պարտվողական կարգավիճակում է»,-ասաց նա։

Միքայել Մինասյանն ընդգծեց՝ ինքը ՌԴ-ի հետ եղբայրության կողմնակից է։

«Ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ։ Դա էլ է աշխատանք, դա էլ է դիվանագիտություն։ Մենք այսօր պետք է հետ բերենք մեր լավ ելակետային դիրքերն առաջին հերթին Մոսկվայում»,-ասաց նա։

Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի հարցին՝ այսքանից հետո դա հնարավո՞ր է, Միքայել Մինասյանը դրական պատասխան տվեց․ «Միանշանակ, ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են։ Ես խոսում եմ այսօրվա մասին, չգիտեմ ինչ կլինի 5 տարի հետո, բայց դա էլ արդեն դիվանագիտության արվեստ է, պրոֆեսիոնալիզմ, այնպես անել, որ քո հիմնական դաշնակցի շահերը միշտ լինեն համահունչ քո շահերի հետ։ Դրա նախադեպը կա՝ ԱՄՆ-Իսրայել․ եղել է ժամանակ, երբ ԱՄՆ և Իսրայելը ունեցել են ավելի վատ հարաբերություններ, քան ՀՀ-ն և ՌԴ-ն հիմա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել