Tert.am-ը գրում է.

Կրոնական փոքրամասնությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական Նոքս Թեմսը Newsweek պարբերականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և առհասարակ դեմոկրատների վարած քաղաքականությանը և նշել՝ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ցեղասպանություն անվանի 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի սիստեմատիկ սպանությունները: 

Ստորև ներկայացնում ենք նախկին պաշտոնյայի հոդվածը. 

«Պատմությունը նշանակություն ունի: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ցեղասպանություն անվանի 1915-1923 թվականներին հայերի սիստեմատիկ սպանությունները: Այդպես վարվելով` հաստատվում է պատմական արձանագրությունը և վերահաստատվում է Միացյալ Նահանգների հանձնառությունը զանգվածային վայրագություններից տառապողների նկատմամբ: Ապրիլի 24-ը՝ զոհերի հիշատակի օրը, նախագահ Ջո Բայդենի համար ճիշտ առիթ է պատմական ռեկորդ հաստատելու համար: 

Պատմությունը խոսուն է: Օսմանյան կայսրությունը, որը նախկինում գտնվում էր ժամանակակից Թուրքիայի տարածքում, 8 տարի շարունակ՝ սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից, իրագործել է հայերի, ինչպես նաև ասորիների և հույների զանգվածային սպանություններ: Ըստ պատմաբանների գնահատականների՝ զոհվել է շուրջ 1,5 միլիոն հայ: Դա գաղտնիք չէ: Միայն 1915 թվականին New York Times-ը 145 հոդված է գրել զանգվածային սպանությունների մասին:

ԱՄՆ կառավարությունը ևս տեղյակ է եղել այս մասին: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն փաստագրել էր դաժան բռնությունները, որոնց ականատեսն էր դարձել, երբ ուղևորվել էր Օսմանյան կայսրության գյուղական համայնքներ: Նրա հուշերում նկարագրվել են թուրքական իշխանությունների ծրագրերը՝ որպես «մի ամբողջ ռասային մահվան դատապարտում. նրանք դա լավ էին հասկանում և ինձ հետ զրուցելիս այդ փաստը թաքցնելու որևէ փորձ չէին անում»:

Միջազգային իրավունքը հիմնավորել է այս պնդումները: Ցեղասպանությունները կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանում է ցեղասպանությունը՝ որպես «ցանկացած գործողություն, որի նպատակն է ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը սպանությունների, լուրջ մարմնական վնաս հասցնելու կամ այլ միջոցներով»: 1,5 միլիոն սպանված հայերի փաստը համապատասխանում է այս սահմանմանը:

Պատմության տեսանկյունից հարց չի ծագում այս ոճիրների տեղի ունենալու առնչությամբ: Իրավական տեսանկյունից հարցեր չեն առաջանում դրանք ցեղասպանություն անվանելու առնչությամբ: Սակայն կա քաղաքական հարց այն մասին, թե ինչ ասել:

Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրերից ի վեր Սպիտակ տունը  1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն չի անվանել՝ չնայած Կոնգրեսի երկու պալատները 2019 թվականին ձայների մեծամասնությամբ ընդունել են Ցեղասպանության մասին բանաձև: Սենատոր լինելու ժամանակ՝ պաշտոնավարման ավելի քան 3 տասնամյակների ընթացքում, Բայդենը եռանդուն կերպով աջակցում էր Ցեղասպանության ճանաչմանը: Որպես նախագահի թեկնածու՝ նա խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ «չհիշելը ... միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»:

Նախկինում աշխարհաքաղաքական դիրքորոշումները ազդեցություն են ունեցել փաստերի վրա՝ գերիշխանություն ունենալով դրանց նկատմամբ: Ժամանակակից Թուրքիան կտրականապես դեմ է այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելուն: Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) դաշնակից է, որը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: Դրա սահմանները հատվում են նախկին ԽՍՀՄ-ի, Իրանի, Իրաքի և Սիրիայի սահմանների հետ:

Երբ ես աշխատում էր Պետդեպարտամենտում ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք, մասնակցել եմ ներքին քննարկումներին այն մասին, թե արդյոք պետք է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ եզդիների, ասորիների, քաղդեացի/սիրիացի քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ կատարված ոճրագործությունները ցեղասպանություն որակել: Մենք բազմիցս բախվել ենք հսկայական բյուրոկրատական դիմադրության: 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա այս դեպքում նախագահ Բայդենը բախվում է իրադարձությունների եզակի շրջափուլի, որը թույլ է տալիս նրան սահմանել պատմական ռեկորդ: Նա գլխավորում է վարչակազմը, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը վարում է էլ ավելի խնդրահարույց քաղաքականություն: Ունենալով հնարավորության «պատուհան»՝ ժամանակն է Ցեղասպանությունը կոչել իր անունով: Սպասելը վարչակազմի համար ամեն ինչ ավելի կբարդացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել